ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Այվազյան

Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Այվազյան

Այսօր կարող ենք վերահաստատել և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին հարցին։

«Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության հարցին։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման այցը տարածաշրջան, և մենք լիահույս ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի՝ այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց նա։

Ըստ Այվազյանի՝ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը նախ և առաջ մարդու իրավունքների մասին է։ Եվ պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանին։

Ըստ նրա՝ այսօր Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, միակողմանի, կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների և միջազգային իրավունքի նորմերը։

«Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- հայտարարեց Այվազյանը։

  • Կիսվել: