հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուշիի «ազատագրման» մասին ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում սադրանք է.  Ռուսաստանում ՀՀ դեսպանություն

Շուշիի «ազատագրման» մասին ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում սադրանք է.  Ռուսաստանում ՀՀ դեսպանություն

 Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն իր խորին հիասթափությունն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում (ՀՑԿ, նախկին ВДНХ) Շուշիի իբրև թե «ազատագրման» մասին պատմող ադրբեջանական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։ Դեսպանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։
 
Նոյեմբերի 9-ին ՀՑԿ-ի «Ադրբեջան» տաղավարում ցուցադրվել է ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի «Շուշա, դու ազատ ես» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2020 թ․ աշնանն Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին։
 
«Այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը և վերջին տարիներին ձեռնարկած բազմաթիվ ջանքերի խափանմանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ երկու երկրների համայնքների միջև լարվածության հետագա սրում թույլ չտալու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանությունն այս ֆիլմը բնորոշում է որպես ադրբեջանական հայատյաց քարոզչության հերթական արտադրանք, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայերին, այլև ատելության և այլատյացության ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար։
 
«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թվականի պատերազմի, ապա 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում վանդալիզմի դեպքերը»,- շեշտում են դեսպանությունից։
 
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: