երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարի ուղեցկում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին և շահագրգիռ գործընկերներին՝ քննարկելու ավազի փոշու փոթորիկների առաջացրած հիմնական մարտահրավերների լուծման միջոցներն ու ուղիները, գտնել հնարավոր լավագույն լուծումներն ու մեխանիզմները:

Համաժողովը նպատակ ունի մոբիլիզացնել մասնակից երկրների հանձնառությունը ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համակարգված գործողությունների համար՝ ռիսկերը նվազեցնելու և ավազի և փոշու փոթորիկների բացասական անդրսահմանային ազդեցությունների նկատմամբ կայունությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև համաձայնեցնել կոնկրետ ջանքերը և գործնական մոտեցումները՝ հիմնվելով համապատասխան փաստերի և համակարգված տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գործողությունների պլանների վրա:

Ավազի և փոշու փոթորիկները (SDS)՝ լրջորեն ազդում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության, պարենային անվտանգության և ապրուստի վրա: Կլիմայի փոփոխության պատճառով արձանագրվել է փոթորիկների հաճախականության և աշխարհագրական բաշխման զգալի աճ և վերջին տասնամյակների ընթացքում արժանացել է համաշխարհային ավելի մեծ ուշադրության: Դրանք նաև հստակ սպառնալիքներ են ներկայացնում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական հարթություններում կայուն զարգացման հասնելու համար։

Հանդիպումների ժամանակ քննարկվել են՝

Ավազի և փոշու փոթորիկների սոցիալ-տնտեսական ազդեցությունները,

Տարածաշրջանային և միջազգային համագործակցության արագացումը ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարում,

Ասիայում և Խաղաղ օվկիանոսում ավազի և փոշու փոթորիկների դեմ գործողությունների տարածաշրջանային ծրագրի իրականացում,

Տարածաշրջանային տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ և այլ հարցեր։

  • Կիսվել: