երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՇՄ փոխնախարարը ՄԱԿ-ում խոսել է ԼՂ պատերազմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրների մասին

ՇՄ փոխնախարարը ՄԱԿ-ում խոսել է ԼՂ պատերազմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրների մասին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի վերսկսված հինգերորդ նստաշրջանին և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ստեղծման հիսունամյակին նվիրված Շրջակա միջավայրի գագաթնաժողովի հատուկ նստաշրջանին:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին և այդ մարտահրավերներին դիմակայելու գործում Հայաստանի դերին։

«Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ չափազանց խոցելի, բայց բավական հավակնոտ բնապահպանական օրակարգով փոքր լեռնային երկիր է։ Մեր երկիրը նշանակալի ջանքեր է գործադրում, էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժնի ավելացման հաշվին ցածրածխածնային զարգացման ապահովման համար, ինչպես նաև անտառապատ տարածքների ավելացման և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։

Կայուն զարգացման նպատակները ներառված են պետական ծրագրերում և մենք քաջ գիտակցում ենք միջոլորտային փոխկապվածությունը և սոցիալական, տնտեսական և բնապահպանական հավասարակշռված զարգացման անհրաժեշտությունը»,-նշել է նախարարի տեղակալը։

Նախարարի տեղական անդրադարձել է նաև 2020թ․Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներին։

Աննա Մազմանյանը մասնավորապես նշել է․

«Ադրբեջանի կողմից կիրառվեցին միջազգայնորեն արգելված զինատեսակներ, այդ թվում, քիմիական, որն ուղղված էր ոչ միայն խաղաղ բնակչության, այլև հրաշագեղ անտառների և կենսաազմազանության դեմ՝ առաջ բերելով զանգվածային հրդեհներ և պատճառ հանդիսանալով բնապահպանական աղետների համար։

Չնայած այս բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանը հակված է գլոբալ բնապահպանական օրակարգի ավելի սերտ ինտեգրմանը, ինչպես նաև մեր մեծացող կլիմայական հավանությունների դրսևորմանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմագրավման ուղղությամբ հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա։

Մաքուր և շրջանաձև տնտեսության հիմունքներով զարգացող արդյունաբերությունը համարվում է մեր կառավարության առաջնահերթություններից մեկը»:

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը համագործակցելու ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների, գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ՝ գլոբալ էկոլոգիական օրակարգի առաջմղման նպատակով։

  • Կիսվել: