Շիրակի մարզը վերջին 6 տարիներին 180 աստիճանով փոխվել է. Դավիթ Առուշանյան
Ես իրականում գիտակցում եմ ինչ պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա, շատ լավ պատկերացնում եմ այն խնդիրները, որոնք գլոբալ են, իսկ լոկալ խնդիրները տեղում պարզ կդառնան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը պատրաստվում է ղեկավարել սոցիալական առումով բավականին ծանր, տարիներով չլուծված խնդիրներ ունեցող Շիրակի մարզը:
«Միանշանակ ճիշտ եք ու շատ վատ է, որ Շիրակի մարզը այդ կարգավիճակն ունի ամբողջ Հայաստանում: Որպես մարզպետ այդ հարցը կարգավորելու համար, ես դեռ չեմ հասցրել, որպես այդպիսին շատ խորանալ, բայց ներդրումային ֆոնը պիտի պարտադիր բարելավվի, որ ներդրողները Շիրակի մարզում ներդրում անելու համար որևէ խոչընդոտի չհանդիպեն:
Գյուղատնտեսությունը մեր մարզի ամենալավ ճյուղերից մեկն է, որը միանշանակ զարգացման շատ մեծ պոտենցիալ ունի: Շատ կարևոր է, որ գյուղ առ գյուղ, տուն առ տուն, կառավարության ծրագրերի մասին իմանան, որովհետև իրականում ինֆորմացիայի պակասի պատճառով շատ-շատ ծրագրերի մասին մարդիկ անտեղյակ են եւ չեն կարողանում օգտվել»:
Նա չհամաձայնեց հումորային տեսակետին, որ վերջին 6 տարիներին մարզում երկու բան է փոխվել՝ մարզպետ և մարզի ցուցանակը. «Մարզը մասնավորապես 180 աստիճանով է փոխվել: Բազմաթիվ ծրագրեր են արվել Գյումրիում՝ փողոցաշինությունից սկսած մինչև այգիներ, պուրակ, մանկապարտեզ, դպրոց և այլն: