շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շիրակի մարզպետը հանդես է եկել աշխատանքային 100 օրերն ամփոփող ասուլիսով

Շիրակի մարզպետը հանդես է եկել աշխատանքային 100 օրերն ամփոփող ասուլիսով

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդես է եկել աշխատանքային 100 օրերն ամփոփող ասուլիսով։

Շիրակի մարզը ղեկավարելը բարդ չէ, սակայն չափազանց պատասխանատու և պարտավորեցնող է՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանն անցած 100 և ավելի օրերի ընթացքում աշխատել է որոշումներ կայացնել առաջնորդվելով մարզի շահերով, շիրակցու մատից փուշ հանելու համար են եղել նախաձեռնություններն ու ծրագրերը․ «Անցած երեք ամիս ու մի փոքր ավելի ժամանակահատվածում աշխատել եմ ամեն ինչ անել խղճով և ցանկացած աշխատանքի մոտենալ պատասխանատվությամբ, մեր մարզի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման տեսլականն է եղել ինձ առաջնորդողը, ինձ համար կարևոր է խնդիրների համակարգային լուծման ուղիների որոնումը»։

Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է բոլոր ոլորտներում արված աշխատանքներին, 2021 թվականին մեկնարկած ծրագրերին ու նախաձեռնություններին։ Աշխատանքում կարևոր ուղղությունը եղել և մնում է հետպատերազմյան հիմնախնդիրների լուծումը։ Մասնավորապես, ըստ Շիրակի մարզպետի կարևոր է մնում մարդկանց հոգեբանական վիճակում դրական փոփոխություն մտցնելը․ «Մենք ամենօրյա ռեժիմով ենք աշխատում բոլորի հետ, չխոսել այս խնդիրների մասին՝ կնշանակի աչքերը փակել կարևոր հարցերի վրա, դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ զգան թե պետության, թե մարզային իշխանությունների աջակցությունը, հեշտ չէ հաղթահարել այսպիսի ծանր պատերազմի հետևանքները, հատկապես, երբ խոսքն անդառնալի կորուստի մասին է»։

Խոսելով քաղաքաշինական հիմնահարցերի մասին՝ մարզպետը կարևորել է մեկ հանգամանք՝ Շիրակում կապիտալ ծախսերը գործնականում չեն կրճատվել, իրականացվելու են մի շարք աշխատանքներ, որոնք դրական կազդեն մարզի սոցիալ-տնտեսական կյանքի վրա․ «Այն, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքաշինական ծրագրերը չկրճատելու համար, արդեն իսկ քիչ չէ։ Մեզ մոտ այս տարի սպասվում են լուրջ ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, դրանց մեկնարկը կտրվի մի քանի օրից։ Շուտով ավարտին կմոտենան գյուղական բնակավայրերում անօթևանների բնակարանաշինական աշխատանքները։Կարևոր է նաև մասնավոր ընկերությունների կողմից բնակարանային շինարարությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր շարժ։

Անդրադառնալով ներդրումներին՝ Հովհաննես Հարությունյանը վստահեցրել է, որ մարզային իշխանություններն առաջնորդվում են ներդրողներին քաջալերելու և նրանց աջակցելու աշխատելաոճով․«Բոլորս ենք հասկանում, որ ցանկացած նոր ներդում կարող է փոփոխություն բերի իր հետ, սա վերաբերվում է բոլոր տեսակի ներդրումներին։ Մենք պետք է մեր ներուժը և կարողանանք ներկայացնել և կարողանանք ճիշտ օգտագործել։

Շիրակում ամենամեծ կապիտալը բանիմաց մարդիկ են, մեր մարզը պետք է դիտարկել լուրջ ներուժի տեսանկյունից։ Այդ առումով ենք մենք աշխատանքներ տանում։ Մի շարք պայմանավորվածություններ ունենք, դրանք վերաբերում են ինչպես արտադրությանը, այնպես էլ շինարարաության բնագավառին»։

Ըստ Հովհաննես Հարությունյանի Շիրակի մարզը խնդիր ունի ավանդական գյուղատնտեսությունից առավել շահութաբեր ու նորարար գյուղատնտեսության․ «Շիրակը գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն գյուղատնտեսությունը շահութաբեր դարձնելուն։ Դրա համար պետք է զբաղվել քարտեզագրմամբ ու ամեն քայլն անել առանց հապաղման ու դանդաղելու»։

Առողջապահության բնագավառը Շիրակի մարզպետի գնահատմամբ որքան էլ արդիականացման կարիք ունենա, միևնույնն է նաև պետք է խոսել արված աշխատանքների մասին․ «Այն, որ մեր մարզում կան առողջապահական հիմնարկներ, որոնք նորոգման ու թարմացման կարիք ունեն՝ գաղտնիք չէ, սակայն վստահեցնում եմ, այս խնդիրները պետական հոգածության ներքո են, աշխատանքներ են տարվում նաև բուժսարքավորումների թարմացման առումով»։

Կրթության ոլորտում Շիրակի մարզպետը կարևոր հանգամանք է համարում հեռավար կրթության անցումից առկա անցման ժամանակ կրթության որակի պահպանումը։ Կրթական հաստատությունների նորոգման մի շարք աշխատանքներ են մեկնարկում մարզում, կկառուցվեն նոր մոդուլային դպրոցներ, մանկապարտեզներ, սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն նորոգման բազմաթիվ ծրագրեր։

Շիրակի մարզպետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնել նրանց պրոֆեսիոնալիզմի ու անաչառ աշխատանքի համար։

  • Կիսվել: