կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները կշարունակեն իրենց բողոքի ակցիան

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները կշարունակեն իրենց բողոքի ակցիան

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց ժամը 01։30-ի սահմաններում ավարտվել է. նրանք այսօր նույնպես պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված զինծառայողներից մեկի մայրը։

Նա հայտնեց, որ երեկ որեւէ պաշտոնատար անձի հետ այդպես էլ հանդիպում չեն ունեցել։

«Մեր բողոքն այն է, որ չեն կարող գերեվարվածների մասին այդ կերպ արտահայտվել։ Ոչ ոք չգիտի՝ ինչ իրավիճակում են եղել տղաները։ Եթե իրենք չեն կարողանում մի հատ Ազգային ժողով ղեկավարել, ուրեմն իրավունք չունեն գերեվարվածների մասին այդ կարգի բան խոսել։ Գերիների հարցն այնքան նուրբ է, որ իրավունք չունի ոչ մի պաշտոնյա բարձրաձայնելու։ Մենք մեր քայլերն ենք նույնիսկ չափավոր անում, որովհետեւ մեր տղաները գերության մեջ են, չենք ուզում վնասել այդ գործընթացին։ Ես՝ որպես մայր, շատ բարկացած եմ, հուզված եմ, որովհետեւ այդ մարտական ճանապարհ անցած տղաների հասցեին իրավունք չունեն այդպես խոսելու»,- ասաց գերեվարված զինծառայողի մայրը։

Նա հայտնեց նաեւ, որ այսօր Կարմիր խաչի միջոցով պետք է իրենց որդիների հետ խոսեն. «Դրանից հետո արդեն կորոշենք՝ ինչ անենք։ Վստահ եմ, որ այսօր էլ ակցիան կշարունակենք»։

 Գերեվարված զինծառայողի հարազատներից մեկն էլ մեզ ասաց, որ այսօր նույպես բողոքի ակցիա են իրականացնելու. «Այս անգամ ավելի լուրջ քայլերի ենք գնալու, մենք ամեն քայլի պիտի գնանք»։

Նշենք, որ երեկվանից Երեւանում՝ կառավարության շենքի դիմաց, անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք երեկ փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող հատվածը:

Կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնող հարազատները պահանջել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար, ապա, իրենց խոսքով՝ պահանջի իրականացումն արագացնելու համար, փակեցին Տիգրան Մեծի պողոտան:

  • Կիսվել: