հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շատ կարեւոր պաշտոններ ուժային կառույցներում ամիսներ շարունակ թափուր են մնում․ Մանուկյան

Շատ կարեւոր պաշտոններ ուժային կառույցներում ամիսներ շարունակ թափուր են մնում․ Մանուկյան

Մայիսից թափուր է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը, այդ զորքերն ապահովում են սահմանի պահպանությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշել է, որ գարնանից Հայաստանում թափուր է մնում նաեւ հայ-ռուսական Միավորված զորախմբի հրամանատարի պաշտոնը։ «Այդ պաշտոնում գտնվող զինվորականն է կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական զորախմբերի կառավարման հետ։ Թափուր է նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը։ Այլ կարեւոր զինվորական պաշտոններ եւս տեւական ժամանակ թափուր են մնում»,- նշել է Մանուկյանը։

Խորհրդարանականը հավաստիացրել է, որ խնդիրը կադրերի բացակայությունը չէ, այլ դա միտումնավոր, հետեւողական գործողություն է։ Նրա խոսքով՝ ինքը չի հասկանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ «Նա շարունակում է խոստովանությունների եւ արդարացումների շքերթը, որը իրականացնում է արդեն երեք տարի։ Երեկվա հարցազրույցի ընթացքում նա հնչեցրել է ատելության խոսքեր Լեռնային Ղարաբաղի հայերի հասցեին, ինչպես նաեւ հակառուսական տրամադրություններ հրահրել»,- ասել է պատգամավորը։

  • Կիսվել: