շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակվում են խախտումները Լաչինի միջանցքում. ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

Շարունակվում են խախտումները Լաչինի միջանցքում. ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի աշխատանքի խափանումների կապակցությամբ և ի գիտություն է ընդունում Միջազգային դատարանի որոշումը:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախկինի պես խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում շարունակվող խախտումներով, հատկապես՝ ապրանքների ու մարդկանց տեղաշարժի հետ կապված։

Այս հարցն առաջին տեղում է միջազգային օրակարգում։ Մենք բազմիցս քննարկել ենք այդ խափանումը այստեղ՝ Վիեննայում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այն փաստը, որ այս գործն ուղարկվել է Միջազգային դատարան և որոշում է կայացվել, ուժեղացնում է հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Լաչինի միջանցքի աշխատանքի ներկայիս խախտումը վնաս է հասցնում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել դատարանի բոլոր որոշումները և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել դեպի Լեռնային Ղարաբաղ ապրանքների և մարդկանց տեղաշարժը վերականգնելու համար: Կողմերը պետք է բանակցություններ սկսեն ըստ էության՝ առանց նախապայմանների, որպեսզի ապահովեն հակամարտության կայուն և խաղաղ կարգավորումը և հանգուցալուծեն պահպանվող լարվածությունը»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: