շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ ինքնասպան լինեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն. ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք. Փաշինյան

Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ ինքնասպան լինեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն. ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք. Փաշինյան

Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է։ Այս մասին այսօր Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, թե ինքը մերժում է Փաշինյանի՝ բանավեճի գնալու առաջարկը, քանի որ խղճում է նրան. ՛՛Մերժեցի, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը՛՛։

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ;;Այդ բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված վարչապետի թեկնածուների բանավեճ է։ Ես ասել եմ, որ գնալու եմ այդ բանավեճին, եկեք, տեսնենք՝ ինչ եք խոսում։ Շատ հեշտ է այստեղ-այնտեղ թաքնված աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել։ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես մերժում եմ այդ հրավերը, որովհետեւ այդ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինի ինքնասպանություն։

Այստեղ կոմբինացիա է առաջանում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ ես ինքնասպան լինեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն։ Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է, եւ ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել՛՛։

Արձագանքելով Տեր-Պետրոսյանի այն խոսքին, թե Փաշինյանն ասել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ շատ ճիշտ է դուրս գալիս, վարչապետի պաշտոնակատարն ասաց. ՛՛Պարոն Տեր-Պետրոսյանը չի արձանագրում մի բան, որ ես այդ վերջը դեռ 2012 թվականին արձանագրել եմ, դուք այլեւս ճիշտ դուրս չեք գալու, որովհետեւ այն բայղուշությունը, որ ժողովրդական բախումներ եք կանխատեսում, քաղաքացիական բախումներ եք կանխատեսում, ձեր բայղուշություններն այլեւս Հայաստանում իրականություն չեն դառնալու։

Չկա ուժ, որն ի վիճակի է կանգնել Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ, եթե պետք լինի, ՀՀ ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում եւ բոլորիդ հատ-հատ դուելի կկանչի. որեւէ մեկն իր բախտը չփորձի՛՛։

  • Կիսվել: