հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերժ Սարգսյանին առնչվող մի քանի քրեական վարույթներ կան․ Դատախազությունը հաստատեց

Սերժ Սարգսյանին առնչվող մի քանի քրեական վարույթներ կան․ Դատախազությունը հաստատեց

Դատախազությունը հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացի հայտնի "վառելիքի" գործից այլ քրեական գործեր էլ կան հարուցված:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը InfoPort.am-ին փոխանցեց, որ Սարգսյանին առնչվող մի քանի քրեական վարույթներ կան։ «Ընդամենը կարող եմ ասել, որ ներկայում Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկատվություն այս պահին չենք տրամադրում», - փոխանցեց Աբրահամյանը։

Սակայն Հատուկ Քննչական ծառայությունից InfoPort.am-ին այս հարցի վերաբերյալ տեղեկացրին, որ ՀՔԾ վարույթում նախկին նախագահի վերաբերյալ որևէ այլ քրեական գործ չկա։

Նշենք, որ «Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ կա, բացի ներկայումս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող դիզվառելիքի գործից։Լրատվամիջոցը գրել էր, որ նախկին նախագահի նկատմամբ նոր քրեական գործը վերաբերում է գործարարներից մեկի կողմից նրան 7 մլն դոլար առձեռն կաշառք տալուն։ 

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակություն կազմակերպելու համար։ Քրեական գործը, որով անցնում է նախկին նախագահը, վերաբերում է դիզվառելիքի մատակարարմանը․ ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանը երկար տարիներ շարունակ օգտագործելով հնարավորությունները, արտոնություն է տվել իր ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանի ընկերությանը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին՝ մրցակցությունից դուրս մղելով «Մաքսհուր» ընկերությանը։

  • Կիսվել: