երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ․ ՌԴ  լուսավորության նախարար

Սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ․ ՌԴ լուսավորության նախարար

Սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ, մեծ հետաքրքրություն կա, այդ թվում՝ բնագիտական կրթության եւ ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ։ Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը։  

Նա վստահեցրեց, որ Հայաստանի փորձը Ռուսաստանին հետաքրքիր է դաստիարակության մասով։ «Ես այցելեցի Պուշկինի անվ․ դպրոց։ Այնտեղ ինձ պատմեցին իրենց փորձի մասին, երբ թանգարաններն իրենց ցուցադրությունները բերում են դպրոցներ։ Ըստ իս՝ սա շատ հետաքրքիր փորձ է, հաճույքով կօգտագործենք նաեւ մեր դպրոցներում»,-նշեց նախարարը։

Նա նշեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումն իրականացվում է 2-12-րդ դասարաններում: «Մենք պատրաստ ենք մեթոդական օգնություն տրամադրել ռուսաց լեզվի դասավանդման, ուսուցիչների որակավորման բարձրացման ուսումնամեթոդական ապահովման գործում։ Կարեւոր է Հայաստանում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստումը, դպրոցականների փոխանակումը, փորձի ուսումնասիրությունը, որոնք առկա են Հայաստանում կրթության ոլորտում»,-նշեց Կրավցովը։

Նշենք, որ անգլերենի միասնական քննություն հանձնող շրջանավարտների թիվը Հայաստանում շարունակում է անշեղորեն աճել: Տրամագծորեն հակառակ պատկեր է նկատվում ռուսաց լեզվի դեպքում։ Հարաբերակցությունը արդեն ավելի քան 10/1 է՝ հօգուտ անգլերենի:

  • Կիսվել: