երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սեպտեմբերի 15-ի երթին և հանրահավաքին կմասնակցենք ամբողջ քաղաքական թիմով. վարչապետ

Սեպտեմբերի 15-ի երթին և հանրահավաքին կմասնակցենք ամբողջ քաղաքական թիմով. վարչապետ

Ես ակտիվորեն սատարում եմ Ավինյանին, սակայն անվտանգային օրակարգը օբյեկտիվորեն շատ ժամանակ է տանում։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ակտիվ չի աջակցում Ավինյանին։

«Բացի այդ, այն պահից, երբ մենք որոշել ենք, որ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի մեր թեկնածուն է, դրանով արձանագրել ենք, որ աջակցում ենք նրան բոլոր հնարավոր ձևերով, և ես ինքս էլ կողմ եմ քվեարկել, որ հենց Տիգրան Ավինյանը լինի քաղաքապետի թեկնածու, քանի որ տեսել եմ նրա աշխատանքը՝ որպես փոխվարչապետ, և վստահ եմ, որ նա իսկապես կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջարկում է Երևանի բնակիչներին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ սեպտեմբերի 15-ին պլանավորում են երթ եւ հանրահավաք անել և ամբողջ քաղաքական թիմով մասնակցել դրան, որի ընթացքում ինքը պլանավորում է ծավալուն ելույթ կունենա։

Անդրադառնալով հարցին, որ Ավինյանն էլ, ինչպես Մարությանը, իշխող ուժին չէր աջակցում արտահերթ ընտրությունների ընթացքում՝ նա ասաց․ «Խորհրդարանական ընտրություններից առաջ երկար քննարկում ենք ունեցել ՔՊ վարչությունում, Տիգրան Ավինյանն էլ բոլորիս հետ միասին իրար աչքերի մեջ ենք նայել ու իրար բացատրություն տվել։ Մինչև հիմա Հայկ Մարությանը իմ աչքերի մեջ չի նայել, և չի ասել՝ ինչպես է, որ ես շեղվել եմ հեղափոխության արժեքներից, ինչպես է, որ իր ձևակերպմամբ՝ դարձել եմ սև։ Տիգրան Ավինյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամեն կերպ աջակցել է ՔՊ-ին, կատարել վարչապետի պարտականությունները, և ես նրանից թիկունքից հարված չեմ ստացել, և չեմ էլ սպասում, որ կստանամ, ի տարբերություն Հայկ Մարությանի։ Սա ինձ համար պարզ մարդկային հարաբերությունների մասին է։ Ինչպես կարելի է պրոբլեմների բացակայության ժամանակ ձգտել ամեն գնով լինել մոտիկ եւ հասնել դրան, ես էլ դրան կասկածով չեմ վերաբերվել...»։

Հարցազրույցի ավարտին Փաշինյանը կոչ արեց «անկախության և ինքնիշխանության պահպանման» համատեքստում քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին․ «Հեղափոխության ժամանակ, երբ տոն էր Հայաստանում, մենք միասին էինք։ Այսօր Հայաստանի շուրջ դժվար ժամանակներ են, և հույս ունեմ, որ այժմ էլ միասին կլինենք, քանի որ մեր այս դաշինքն իր կենսունակությունը պետք է ապացուցվի դժվարին ժամանակներում»։

 

  • Կիսվել: