Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը խոչընդոտեց ԱՄՆ-ի ու Թուրքիայի հերթական գործարքը. Սաֆրաստյան
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնցից մեկն էլ Սենատում Հայոց ցեղասապնությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելն էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` պատահական չհամարելով այն, որ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդի Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը ներկա էր Թրամփին մտերիմ սենատորներից մեկը` հանրապետական Լինդսի Գրեմը, որն էլ Սենատում վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդուհետ ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ դրվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որի վրա սենատոր Լինդսի Գրեմը վետո դրեց:
«Հաշվի է առնվել Մերձավոր Արևելքում, Սիրիայում ամերիկյան ռազմավարական ծրագրերի համար Թուրքիայի կարևորությունը: Այսինքն` հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որն էլ խոչընդոտեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքը»,-մեկնաբանեց Սաֆրաստյանը:
Էրդողան-Թրամփ հանդիպման մասին խոսելով` Սաֆրաստյանը նշեց, որ կարևոր է հասկանալ, թե նրանք ինչ գործարքների մեջ են. «Ամենաթեժ խնդիրը, որ ներկայումս կա թուրք-ամերիկյան հարաբերություններում Թուրքիայի կողմից ռուսական C 400 հակաօդային համակարգերի գնման և տեղակայման խնդիրն է, որն էլ Սպիտակ տանը կողմերը որոշել են դնել մի կողմ»:
Մյուս խնդիրը, որի վերաբերյալ կողմերը կարողացել են համաձայնության գալ, ըստ Սաֆրաստյանի` վերաբերում է քրդական գործոնին. «Ամերիկացիները շարունակելու են պահել իրենց ձեռքում նավթահորերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում: Քրդական գործոնը հետևյալն է. ԱՄՆ-ն և Թուրքիան, հավանաբար, եկել են համաձայնության, որ պետք է քրդերին հնարավորիս հեռացնել թուրք-սիրիական սահմանից, ինչը Թուրքիայի վաղեմի պահանջն է, և կենտրոնացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են նավթի հանքերը: Ամերիկացիները կողմ են դրան, որովհետև դրանով հնարավորություն կստանան հետագայում ևս քրդերի միջոցով ստեղծել ինչ-որ ինքնավար պետություն ու ԱՄՆ-ի հսկողության տակ պահել այդ տարածքում գտնվող նավթահանքերը»: