հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան

ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան

Հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշումը: Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը. Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

Այսպիսով, 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հանուն երկրի անվտանգության, բարեկեցության ու զարգացման խորհրդարանում և խորհրդարանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի: «Պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ,- նշեց նա՝ շեշտելով,- ՀՀ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են ՍԴ ուղերձը և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական ու իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն Հայաստանն ու ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող խոսույթից զերծ պահելու համար»:

  • Կիսվել: