շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը կմնան կալանքի տակ

Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը կմնան կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը Վերքաննիչ դատարանն այսօր մերժեց: Այս մասին լրագրողներին հայտնեց Ս. Օհանջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Օհանջանյանի մասով կալանավորումը չի կարող խափանման միջոց լինել։ Եթե Նարեկ Մութաֆյանի առումով ներկայացնում են այդ զրույցի հատվածը, Սարգիս Օհանջանյանը ոչ մի արտահայտություն չի արել, որը հաստատված հանգամանք է, փաստորեն՝ Վերաքննիչ դատարանը եւս հաստատված համարեց հիմնավոր կասկածի առկայությունը, որ, տեսախցիկ պահելով, կարելի է արդարադատության իրականացմանը խոչընդոտել»,-ասաց փաստաբանը։

Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ լրագրողներին հայտնեց, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը:

 Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են դեռևս սեպտեմբերի 29-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Միջադեպից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը:

Նշենք, որ նրանք մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու համար:

  • Կիսվել: