շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային վիճակը

Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային վիճակը

«Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան` նպատակ ունենալով տեղում ծանոթանալու առկա անվտանգային իրավիճակին». ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը:

Փետրվարի 12-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զարուհի Բաթոյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը:

Խոսելով հայ-բրիտանական կապերի մասին` Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ փաստել է, որ դրանք վերջին տարիներին նկատելիորեն զարգացել են: Հանձնաժողովի նախագահի խոսքով ակտիվացել են նաև խորհրդարանական մակարդակով շփումները, բարեկամական խմբերի միջև համագործակցությունը:

Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային վիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:

Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը, հյուրերին ներկայացրել Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, կարևորել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցությունը:

  • Կիսվել: