Սամցխե-Ջավախքը նոր նահանգապետ ունի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ Սամցխե-Ջավախքում նշանակվել է նոր պետական հավատարմատար։ Բեսիկ Ամիրանաշվիլիին այս պաշտոնում կփոխարինի Զաալ Գելաշվիլին, գրում է jnews.ge-ն:
Վարչապետի որոշմամբ՝ երկրի 5 մարզերում նշանակվել են նոր նահանգապետեր։ Մցխեթա-Մթիանեթիում նահանգապետի պաշտոնը ստանձնել է Ալեքսանդր Զագաշվիլին, Շիդա Քարթլիում՝ Սիմոն Գուլեդանին, Սամցխե-Ջավախքում՝ Զաալ Գելաշվիլին, Գուրիայում՝ Գիորգի Գուրջումելիձեն, Քվեմո Քարթլիում՝ Լևան Խարաբաձեն։
Իրակլի Կոբախիձեն այսօր կառավարության աշխատակազմում հանդիպել է նորանշանակ պետական հանձնակատարների հետ՝ տարածաշրջանային զարգացման նախարար Կախա Գուլեդանիի հետ միասին։ Վարչապետը շեշտել է շրջանային զարգացման հատուկ կարևորությունը և նշել, որ շրջանային զարգացման նախարարության առանձին գործակալության ձևավորումը նույնպես վկայում է այս հարցի առաջնահերթության մասին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձվի մարզային զարգացման հետ կապված նախագծերի արդյունավետ իրականացմանը, և այս գործընթացում կարևոր է, որ շրջաններն ունենան ղեկավարներ, որոնք աչքի են ընկնում փորձով, պրոֆեսիոնալիզմով և բարեխղճությամբ։
Վարչապետը նաև ուշադրություն է հրավիրել նախագծերի որակի և համակարգման բարելավման անհրաժեշտության վրա և նորանշանակ նահանգապետերին մաղթել հաջողություններ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։
Զաալ Գելաշվիլին կրթությամբ իրավաբան է, սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ վերջերս աշխատել է «Բակուրիանիի զարգացման գործակալությունում»։