ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանադրության մեջ ԱԺ-ի կողմից փոփոխությունների գործընթացը հակասահանադրական է և առերևույթ իշխանության յուրացման տարրեր կարող է պարունակել․ Տարոն Սիմոնյան

Սահմանադրության մեջ ԱԺ-ի կողմից փոփոխությունների գործընթացը հակասահանադրական է և առերևույթ իշխանության յուրացման տարրեր կարող է պարունակել․ Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանական մեծամասնության վարքագծում իշխանության յուրացման առերևույթ տարրեր է նկատում։

Նրա պնդմամբ, Սահմանադրության կոպիտ խախտում է այն, որ իշխանական մեծամասնությունը որոշել է Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները 3 ժամվա ընթացքում քննարկել ու ընդունել՝ առանց Սահմանադրական դատարան դիմելու։

«Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Սահմանադրության մեջ Ազգային ժողովի կողմից կատարվող փոփոխությունները  առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո խորհրդարանը դիմում է Սահմանադրական դատարան։ Սա իմպերատիվ դրույթ է, եթե սա չի պահպանվում, խախտվում է Սահմանադրությունը։ մենք նաև հասկանում ենք, որ իշխանությունը պնդում է, որ եթե Սահմանադրական դատարանի վերաբերյալ հարց է, ինքն իր վերաբերյալ որոշում չպետք է կարողանա կայացնել»,-հայտարարեց Սիմոնյանը։

Նա չի կարողանում հասկանալ իշխանության նման շտապողականությունը՝ ինչո՞ւ է ստեղծվել վարչապետին կից հանձնաժողով Սահմանդրական փոփոխությունների համար, եթե նման կերպ առանց քննարկումների պետք է փոփոխություններ իրականացվեն Մայր օրենքում։

Լրագրողի հարցին, թե կարո՞ղ է Սահմանդրության մեջ նման կերպ հապճեպ փոփոխություններ կատարելու այս արարքը համարվել որպես իշխանության յուրացում, Սիմոնյանը պատասխանեց․ «Իշխանության յուրացման հոդված սահմանված է ՀՀ Քրեական օրենսգրքում, և ցանկացած հանցագործության որակում տալիս է դատարանը իր վճռով։ Մենք որակում տալու իրավունք չունենք։ Իսկ առերևույթ յուրացման տարրեր կարող են լինել, որովհետև հակասահմանադրական գործընթաց է իրականացվում, բայց թե դա յուրացում է, թե ոչ, դա արդեն դատարանը կարող է որոշել»։

  • Կիսվել: