երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սա ոստիկանություն չէ այլևս, սա կազմակերպված հանցավոր խումբ է. Սաղաթելյան

Սա ոստիկանություն չէ այլևս, սա կազմակերպված հանցավոր խումբ է. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը, բացի այս ենիչերիների խմբից, այլ հենարան Հայաստանում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այն ամենից հետո, ինչ իրականացրել է ոստիկանությունը վերջին օրերին, կարող ենք ասել, որ սա ոստիկանություն չէ այլեւս, սա կազմակերպված հանցավոր մի խումբ է, որը ղեկավարվում է հանցագործն մարդկանց կողմից:

Լկտի պահվածքը հասել է այն աստիճանի, որ այսօր առավոտյան ոստիկանության հանցավոր մի խումբ փորձ էր անում մուտք գործել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն եւ բերման ենթարկել մարդկանց: Իհարկե, մենք թույլ չտվեցինք մուտք գործել, բայց իրենք բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ՀՅԴ ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքացիների: Սա հանցագործություն է, որը անպատասխան ու անպատիժ չի մնալու:

Դժբախտաբար, ոստիկանությունը շարունակում է ծառայել այդ հանցագործին և կատարել նրա ապօրինի հրահանգները։ Փորձում են ճնշել, բռնություն գործադրել, ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի շարժումը չհաջողի և մարդիկ վախենան փողոց դուրս գալ:

Էնտեղ ոստիկանապետ ունեն՝ Արամ Հարությունյան, որ աչքերիս նայում, ուրիշ բան է խոսում, բայց պատերի տակ իմ մասին ուրիշ բան է խոսում: Վահե Ղազարյանը եւ մնացածը, բոլորը պատասխանատվություն են կրում այս հանցագործությունների համար: Իրենք օգնում են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի հանձնել մեր երկիրը»:

Լրագրողների հարցին՝ արդյոք ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում կա՞ առաջընթաց, կա՞ն ՔՊ-ականներ, որոնք կմիանան այդ նախաձեռնությանը, Սաղաթելյանը նախ կոչ արեց այդ հարցերն ուղղել Բագրատ Սրբազանին, ապա հավելեց, որ իրենք կարծում են, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ժողովրդի կամքի թելադրանքով, իսկ դա դրսեւորելու միակ եղանակը, ըստ նրա, հրապարակներում եւ փողոցներում է:

«Սա մեկ ուժի պայքար չէ եւ անցումային կառավարությունը պետք է լինի համախմբման կառավարություն, այլ ոչ թե մեկ գործչի կամ մեկ ուժի»,-ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: