չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սա մեր ժողովրդի հաղթանակն է. Արայիկ Հարությունյան

Սա մեր ժողովրդի հաղթանակն է. Արայիկ Հարությունյան

Սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ ծանր պայմաններում մեր Սահմանադրությանը համապատասխան հերթական ժողովրդավարական ընտրություններն ենք անցկացրել։ Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ծանր պայմաններ ասելով՝ նկատի չունեմ միայն սպառնացող համաճարակը, այլ այն, որ այսօր մեր ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել է կամ հատուկ քաղաքական երանգ է հաղորդել հետաձգելու անվան տակ՝ չեզոքացնելու ստեղծված մթնոլորտը: Նախօրոք տեսնելով, հասկանալով ընտրության ընթացքը, արդյունքները, համաճարակը հիմք դարձնելով՝ փորձել են քաղաքական երանգավորում տալ: Եթե շատ մտահոգված են մեր ժողովրդի առողջապահական խնդիրներով, ապա մեր առօրյան այսօր պրոբլեմային է, մենք ամեն օր մեր ժողովրդին վտանգում ենք մեր առօրյայով, դրա համար ես ուզում եմ հայտարարել, որ բոլոր մեր ընդդիմախոսների հայտարարությունները կապված հետաձգումների հետ ընդամենը քաղաքական բնույթ էր կրել»,- նշեց նորանշանակ նախագահը:

Այդուհանդերձ, ըստ Արայիկ Հարությունյանի, խնդիր կա, դա ոչ միայն համաճարակի տարածման հետ է կապված, այլև հետագա չեզոքացման՝ տնտեսական, սոցիալական առումով։

«Չկա մի վերլուծական կենտրոն, չկա մի պետություն, որը կարող է գնահատել, թե ինչպիսի վարքագիծ է լինելու համաճարակի առումով և այն ինչ հետևանքներ է թողնելու տնտեսության վրա։ Ես նշել եմ՝ եթե ժամանակի ընթացքում իրավիճակը դրական փոփոխության չենթարկվի, համաճարակը դառնալու է տնտեսական ճգնաժամ, իսկ տնտեսական ճգնաժամն ու համավաճակը միասին՝ ընդհանուր աղետ: Արդեն խոսվում է պարենային դեֆիցիտի մասին ոչ միայն աղքատ երկրներում, այլ ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ պարենային արտադրությունը հասել է գագաթնակետին, բայց իրավիճակից ելնելով խնդիրներ են առաջանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Ուստի, ըստ նրա, պետք է միավորվեն ոչ միայն Արցախում, այլև ամբողջ հայությունը և համախմբվի Հայաստանի իշխանության շուրջը, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում է ՀՀ իշխանությունը, և միասին պետք է լուծել այդ պրոբլեմը։

«Չարախնդությունը և քաղաքական այլակարծությունը այստեղ թշնամի են մեզ։ Մենք պետք է միավորվենք։ Ես ուզում եմ նորից զգուշացնել՝ վտանգը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացում ենք, բայց, ցավոք, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ Արցախում, ինչպես խոստացել է, շարունակելու է  այն քաղաքականությունը, որպեսզի կարողանան համախմբել հասարակությունը ու համախմբված դիմակայեն այս մարտահրավերներին։

«Որևէ խնդիր որևէ մարդու, քաղաքական գործչի հետ մենք չունենք։ Ամենակարևորը՝ քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ։ Նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի  դիմել դատախազություն, դատարան, բայց մտափոխվել եմ հենց համախմբածությունից ելնելով, հետ ենք կանչել, բացի մի հայտարարությունից, որն  արել է ոչ Արցախի քաղաքացի։ Այդ առումով դիմել եմ դատախազություն»,- նշեց Արցախի նորընտիր նախագահը։

Պատասխանելով հարցին` արդյոք իրենք իրենց մեղավոր կզգան, եթե պարզվի, որ մարդիկ, այնուամենայնիվ, վարակվել են ընտրատեղամասերում, Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակն ինքը չի գնահատել: «Կա ձևավորված օպերատիվ շտաբ և պարետատուն: Նրանք տալիս են գնահատականը»,- նշեց նա։

Նորանշանակ նախագահն անդրադարձավ նաև ընտրությունները հետաձգելու կոչեր անողներին։

«Ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, եթե այդ թեկնածուներն իրականում  կողմնակից էին վարակի չտարածման միջոցառումներ իրականացնելուն, ապա ավելի շատ այլ աշխատանքներ կային։ Ես նշել եմ, որ  ընտրատեղամասերը մեր երկում ամենապահով տեղն է եղել, այսօր շուկաները, խանութներն ու փողոցներն ավելի վտանգավոր են, բայց ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկելու կոչեր չկան: Բոլորին հետաքրքրում են միայն ընտրությունները: Ընտրատեղամասերում գոնե իրավիճակը վերահսկում էր: Թե որքանով դա հաջողվեց` չեմ կարող գնահատական տալ։ Հարցը քաղաքական է, և ոչ թե մտահոգված են համաճարակով։ Մտահոգվենք պարենային խնդրով, որը սպասվում է, մտահոգվենք տնտեսության ապագայով, որը ոչ պակաս կարևոր է», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ինքը հայտարարել էր՝ եթե վտանգ լինի, ապա ցանկացած իրավիճակում պատրաստ են իրականացնել այն հանձնարարություններն ու առաջարկությունները, որը իշխանությունը կներկայացներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։  Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

 

  • Կիսվել: