հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե մարդը չի ընդունում խմբակցության որոշումը, ուրեմն պետք է հեռանա. Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի՝ հանրաքվեի վերաբերյալ որոշման մասին

Եթե մարդը չի ընդունում խմբակցության որոշումը, ուրեմն պետք է հեռանա. Պետրոսյանը՝ ԲՀԿ-ի՝ հանրաքվեի վերաբերյալ որոշման մասին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարելու համար ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղխորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության գործիչներն, այլև կուսակցության անդամները նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի լսել, նոր կկայացվի որոշում», - ընդգծեց նա։

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ինքը դեմ է արտահայտվել հանրաքվեին և շարունակում է մնալ այդ կարծիքին։ «Ես մասնագիտությամբ իրավաբան եմ և իրավական առումով ես ինչ ասել եմ, հիմա էլ եմ մնում իմ կարծիքին, որ այդ գործընթացն սկսվել և ընթանում է ՀՀ գործող օրենսդրության մի շարք խախտումներով»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ ինքը միշտ էլ ունեցել է իր անձնական կարծիքը, բայց այդ կարծիքը չի ասել ինքնահաստատվելու համար:

«Բնական է, որ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ և նրա որոշումներն ինձ համար պարտադիր են, բայց սա այն հարցը չի, որ պետք է խմբակցությունը որոշի: Ի վերջո, սրանով պատմություն է կերտվում, մենք վաղը մեր կուսակցության գործունեության համար սերունդներին պատասխան ունենք տալու: Եթե խոսքը վերաբերում է իմ անձնական քվեարկությանը, ես այս դեպքում ոչ թե որպես պատգամավոր եմ մտնում տեղամաս, այլ որպես քաղաքացի իմ համոզմունքով: Եթե խմբակցությունը որոշում է կայացնում, բնականաբար, մենք պարտավոր ենք հարգել, ընդունել խմբակցության դիրքորոշումը: Եթե մարդը չի ընդունում խմբակցության որոշումը, ուրեմն պետք է հեռանա խմբակցությունից: Նման բան չի եղել, որ իմ և խմբակցության միջև տարաձայնություններ լինեն»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: