երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Սա աշխարհաքաղաքական խնդիր է Բաքու-Ջուլֆա եւ Երեւան-Ջուլֆա երկաթգծի նախագիծը մտածվել է ցարական Ռուսաստանի օրոք

Սա աշխարհաքաղաքական խնդիր է Բաքու-Ջուլֆա եւ Երեւան-Ջուլֆա երկաթգծի նախագիծը մտածվել է ցարական Ռուսաստանի օրոք

Սա աշխարհաքաղաքական խնդիր է Բաքու-Ջուլֆա եւ Երեւան-Ջուլֆա երկաթգծի նախագիծը մտածվել է ցարական Ռուսաստանի օրոք՝ Առաջին համաշխարհային պատերազմի հասունացմամբ պայմանավորված ռազմաքաղաքական անհրաժեշտությամբ, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Հաղորդակցությունը լիովին գործարկվել է 1941թվականին: Ընդ որում, հենց այդ ժամանակ է հաստատվել Մոսկվա-Թեհրան երկաթուղային հաղորդակցությունը: Այդ ժամանակ Մոսկվա-Թբիլիսի եւ Մոսկվա-Երեւան երկաթուղային հաղորդակցությունը նույնպես Բաքվի միջոցով էր իրականացվում, աբխազական գիծը դեռեւս կառուցված չէր: Բայց ավելի էական է, որ ԽՍՀՄ կառավարությունը 1974 թ.-ին Անդկովկասի երկաթուղային ցանցը բաժանել է երկու կառավարչական ենթակայության, ստեղծվել են ,,Ադրբեջանական երկաթուղիներ,, եւ ,,Անդրկովկասյան երկաթուղիներ,, պետական ընկերություններ, եւ Բաքու-Ջուլֆա-Նախիջեւան հատվածն անցել է ադրբեջանական կառավարման: Փաստացի խորհրդային Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու երեսունգինգ կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաեւ Մինջեւան-Կապան ճյուղավորումը կառավարվել են ,,Ադրբեջանական երկաթուղիներ,, պետական ընկերության կողմից: Երկաթգծի այդ եւ այլ հատվածներ ղարաբաղյան առաջին պատերազմի եւ հետագա տարիներին ավերվել կամ կազմակերպված քանդվել են: Բարդ հարց է, թե ինչու՞ ԽՍՀՄ դարաշրջանում Հայաստանի ապրանքաշրջանառության գրեթե իննսուն տոկոսն իրականացվում էր միայն հարավային՝ ,,Ադրբեջանական երկաթուղիների,, ենթակայության երթուղով: Դա միայն տնտեսակա՞ն, թե նաեւ ռազմաքաղաքակա՞ն հաշվարկ էր: Ամենեւին էլ պատահական չէր, որ 1988թ. փետրվարի կեսերին, երբ ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշարջանը դեռ հայտնի որոշումը չէր կայացրել, Բաքվում հայտնվեցին ,,կապանցի փախստականներ,,: Ի սկզբանե Ադրբեջանը որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք կիրառել է հենց ,,Զանգեզուրի հարցը,,: Դա նախապես ձեւակերպվել է որպես ,,Զանգեզուրի ինքնավարության,, եւ հակամարտության սրվելու եւ պատերազմի ընթացքում՝ Սյունիքը Հայաստանից օտարելու, այդ կերպ ,,պատմական արդարությունը վերականգնելու,, պահանջ:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը փաստորեն փորձում է վերականգնել հաղորդուղիների խորհրդային ժամանակների ստատուս-քվոն՝ ,,Բաքու-Նախիջեւան երկաթգիծն, այո, կանցնի Հայաստանի տարածքով, բայց կառավարման, տնօրինման սուվերեն իրավունք կունենա Ադրբեջանը,,: Ալիեւի կողմից ,,միջանցք,, հասկացության անընդմեջ շեշտադրումն այս իմաստն ունի: Սա արդեն աշխարհաքաղաքական խնդիր է:

Հայաստանի ռեսուրսները բավարար չեն, որպեսզի դիմակայի: Տարածքները խաղաղ-բանակցային ճանապարհով զիջելու պարագայում, գուցե, բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, բայց ղարաբաղցին ասում է, որ ,,եթե-ն ցանես՝ բերք չես ստանա,,: Այս պահին փոխադարձ մեղադրանքները միայն մեր դեմ են աշխատում: Հայաստանի թե իշխանությունը, թե ընդդիմությունը, եթե նրանք վաղը փոխատեղություն էլ անեն, այս հարցում պետք է ունենան միասնական մոտեցում: Բաքու-Նախջեւան հաղորդակցությունը սոսկ տնտեսական-լոգիստի՞կ է, թե՞՝ աշխարհաքաղաքական: Կասկած չկա՝ Ադրբեջանը փորձում է աշխարհաքաղաքական խնդիր լուծել՝ Թուրքիայի հովանավորությամբ: Միջազգային խաղացողներից ո՞վ է միանում Բաքու-Անկարա տանդեմին, եւ ո՞վ է կողմ, որ Մեղրիի հատվածը լինի Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո: Սա է իրավիճակի ինտրիգը»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: