շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության  ոլորտում. Փաշինյան

Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում. Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր դիմելով վարչապետին՝ հարցրեց, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան, բացի այդ, ինչպես են հաղթահարում համավարակի ընթացքում առաջացած դժվարությունները։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակում երկու հանդիպում է եղել. մեկը երկրների ղեկավարների մակարդակով, մյուսը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Վարչապետը նաև ասաց, որ այսօր էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, վարչապետը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային։

«Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության  ոլորտում։ Մենք շարունակում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ինտենսիվ աշխատել և նպատակն է մեր մասնակցությունը կազմակերպությունում արդյունավետ դարձնել»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին։

«Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատում եմ բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր, կա օրակարգ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ասաց՝ գաղտնիք  չկա, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ստեղծվել է նոր  քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին ադապտացվելու։

«Խոսքը միայն ԵԱՏՄ-ին չի վերաբերում, այլև ԵՄ-ն, բոլորին, և ՀՀ-ն էլ պետք է նոր կարգավիճակով ադապտացվի այդ միջավայրին։ Ես կարծում եմ, որ այդ ադապտացիան տեղի է ունենում շատ հաջող»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: