շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել համաձայնագիրը․ Լավրով

Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել համաձայնագիրը․ Լավրով

Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը: Այսօր հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն հրաժարվել է հստակ պատասխան տալ Արցախի կարգավիճակի մասին հարցին։

Ադրբեջանցի լրագրողը Լավրովին խնդրել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է։ Ռուսաստանի արտգործնախարարն ընդհանրապես որևէ բան չի ասել Ղարաբաղի կարգավիճակի մասին, միայն ասել է այն, որ Ռուսաստանը պատասխան է տալիս այն համաձայնագրի համար, որը ստորագրվել է, և այն կետերի համար, որոնք այդ հայտարարությունում կան։

Հիշեցնենք, որ համաձայնագրում կարգավիճակի մասին որևէ բառ չկա: Ինչ վերաբերում է համաձայնագրին ընդհանրապես, Լավրովն ասել է․ «Մենք պատասխանատու ենք, ես իմ այս խոսքերի համար պատասխանատու եմ, մենք այս պահին չենք տեսնում այդ հայտարարությունը վերանայելու, խմբագրելու փորձեր»։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանում այսօր բարդ ներքաղաքական իրավիճակ է, սակայն ընդդիմության 16 կուսակցությունները, Լավրովի խոսքով, նույնիսկ հայտարարում են, որ չեն պատրաստվում չեղարկել այդ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է փախստականներին և հայկական զորքերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Լավրովը շեշտել է. «Ադրբեջանցի և հայ փախստականները պետք է վերադառնան իրենց ավանդական բնակության վայրեր»։

Լավրովի խոսքով` և՛ փախստականների և հայկական զորքերի դուրսբերման մասին համաձայնագրում հստակ գրված է, և այս ամենի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հստակ պայմանավորվել են։

  • Կիսվել: