երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություններ չկան․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություններ չկան․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում գնահատել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման առաջընթացը՝ կապված առաջիկա նոյեմբերի 9-ին լրացող 1-ամյակի հետ։

«Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրի ղեկավարների հայտարարության ընդունման մոտեցող տարելիցը քննարկվել է նոյեմբերի 1-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի, իսկ նոյեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած զրույցներում։ Նախարարները համակարծիք էին իրենց գնահատականներում, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարը հիմնականում պահպանվում է»,- ընդգծել է Զախարովան։

Նա նշել է, որ Բաքվում և Երևանում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը։ Առանձին ​​միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի փոխգործակցության ուղիներով: Աշխատանք է տարվում նաև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ։

«Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը՝ երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Շփումները շարունակվում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ու սահմանապահ ծառայությունների միջոցով։ Խնդրի համապարփակ լուծումը մենք տեսնում ենք նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկումով՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, ինչի մասին համանախագահները պարբերաբար մեզ տեղեկացնում են համապատասխան մամուլի հաղորդագրություններում»,- նշել է Զախարովան։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ինչ-որ նոր փաստաթղթերի ստորագրում, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի։

Զախարովան նաև նշել է, որ նոյեմբերի 29-ին տեղի կունենա տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով համատեղ հանձնաժողովի հերթական եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) նիստը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: