հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսական զորքերը վերսկսել են տեղաշարժը դեպի Կիև՝ մայրաքաղաքի մերձակայքում կառուցելով պոնտոնային կամուրջ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը վերսկսել են տեղաշարժը դեպի Կիև՝ մայրաքաղաքի մերձակայքում կառուցելով պոնտոնային կամուրջ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ, մասնավորապես, վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին  լույս փետրվարի 28-ը տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։

«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին , հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն:

Նշվում է, որ նախորդ գիշեր Պոլեսեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։ 

Աղբյուրը գրում է, որ Կիևի պաշտպանները գործի են դրել մայրաքաղաքի պաշտպանության խիտ և բազմամակարդակ համակարգ, համակարգված պայքար է տարվում 3-15 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերի դեմ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: