հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատվածում․ Վարչապետ

Ռուս խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատվածում․ Վարչապետ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատվածում։ Այս մասի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, ասել է, որ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են:

"Ինչ վերաբերվում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:

Սկզբունքային կարեւորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն եւ ըստ էության Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ",- նշել է վարչապետը:  

  • Կիսվել: