ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել Կազմակերպությունից։

«Մենք բոլոր փաստաթղթերը ուղարկում ենք ներպետական ​​ընթացակարգով քննարկման, այդ թվում՝ Հայաստան։ Յուրաքանչյուր դեպքում ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկմանը կամ որոշումների կայացման գործընթացին, սակայն առարկություն չունի սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունման վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքը. կառույցի բնականոն գործընթացը շարունակվում է, և մենք որոշումներ ենք կայացնում։

Նրանք չեն մասնակցում մեր հիմնական գործունեությանը, զորավարժություններին կամ նմանատիպ այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ, սա լիովին համապատասխանում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին։ Փաստացի նրանք արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից»,-  ՏԱՍՍ գործակալությանն ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեջբերած 25-րդ հոդվածը սահմանում է, որ անդամավճար չտալու և քվոտայով նախատեսված պաշտոնները չզբաղեցնելու դեպքում տվյալ երկիրը զրկվում է քվեարկելու իրավունքից։

Կառույցի գլխավոր քարտուղար չի բացառել, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կարող են անդրադառնալ Հայաստանի անդամակցության հարցին։ Անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանի պաշտոնապես դուրս գալու հնարավորությանը՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե այս հարցը դրվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկմանը, ապա այն կարող է ընդունվել։

 

 

  • Կիսվել: