«Ռոսատոմը» դեռևս պատասխան չի ստացել Երևանից՝ Հայկական ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շարունակական շահագործման վերաբերյալ. Լիխաչով
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է hայկական ԱԷԿ-ի փակումից հետո շահագործումից հանված հզորությունները փոխարինելու տարբերակներ, ինչպես նաև ապագա ԱԷԿ-ի շահագործմանը մասնակցելու տարբեր սխեմաներ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել հայկական կողմից։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մեր հայ գործընկերներին առաջարկել ենք բազմաթիվ լուծումներ, այդ թվում՝ միջին հզորության և գիգավատտ դասի բլոկներ։ Մենք պատրաստ ենք էլեկտրաէներգիայի ավելցուկի դեպքում գնել այն և արտահանել որոշ մասը հարևան երկրներ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել ատոմային էներգաբլոկի գործունեությանը և շահագործմանը»:
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ատոմակայանի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ։
«Գնդակն այժմ ամբողջությամբ հայկական թիմի դաշտում է. ես իսկապես չէի ցանկանա, որ այս հարցը վերածվի քաղաքական քննարկումների և տարբեր անձնական նախասիրությունների ու հակակրանքների։ Հայաստանը Կովկասում միակ երկիրն է, որը հպարտորեն կրում է ատոմային էներգիայի դրոշը։ Եվ այս իրավասությունը կորցնելը, այսինքն՝ ատոմային էներգիան ընդհանրապես կորցնելը, իմ կարծիքով, բացարձակապես անխոհեմ կլինի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ Երևանում քննարկվել է ամերիկացիների կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
«Ռոսատոմն» իր հերթին, նշել է, որ Մոսկվան առաջարկում է Երևանին կառուցել բարձր հզորության ատոմակայան՝ 100 տարի շահագործման ժամկետով։


