հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը ներկայացրեց առարկությունները, ինչին ի պատասխան պաշտպանական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը․ հայցադիմումի հիմքը նույնն է։ 

Ռոբերտ Քոչարյանի փասատաբան Հայկ Ալումյանը կրկին անդրադարձավ այն հանգամանքին, որ այս գործը ձեռքով է մակագրվել Սերգեյ Սահակյանին։

«Գործի բաշխումը տեղի է ունեցել կամայականորեն, անհասկանալի չափանիշների հիման վրա։ Այս կազմով դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, իսկ դատավարությունն ինքը կասկածի տակ է դրվում», - նշեց պաշտպանը։

Ի պատասխան դատավորը նշեց, որ բացարկ հայտնելու վերաբերյալ դատարանն արդեն իր դիրքորոշումը հայտնել է։

Անցնելով առաջ՝ Ալումյանը նշեց, որ այս գործում որևէ վիճելի փաստ չկա, ներկայացվածին պետք է տրվի իրավական գնահատական։ Սակայն Փաշինյանի նարկայացուցիչը պնդեց, որ ներկայացված փաստերը ենթակա են ապացուցման։ 

Դատարանը նույնպես վիճելի համարեց այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թ․ մարտի 1-ին Երևան Հայաստանի Հանրապետության հրապարակում իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։

Զրպարտության մասով վիճելի է այն փաստը, որ Փաշինյանը այդ նույն ելույթում Քոչարյանի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ՝ կոնկրետ, ոչ վերացական տեղեկություններ։

Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ Փաշինյանը ներկայացրել է փաստացի տվյալներ, որ դրանք ներկայացվել են հրապարակային եղանակով և իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

Ալումյանն արձագանքեց, որ դատարանը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ փաստը չտարբերելով փաստի իրավական գնահատականից և հայցվորի վրա փաստերն ապացուցելու պարտականություն է դնում։

Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հնարավորություն տալով պաշտպանական կողմին ապացույցներ ներկայացնել։ Նախնական դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին՝ ժամը 11-ին։

  • Կիսվել: