երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ռեֆորմիստների կուսակցությունն այս պահին բացառում է կոալիցիան որևէ քաղաքական ուժի հետ

Ռեֆորմիստների կուսակցությունն այս պահին բացառում է կոալիցիան որևէ քաղաքական ուժի հետ

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Ռեֆորմիստների կուսակցությունն այս պահի դրությամբ բացառում է կոալիցիան որևէ քաղաքական ուժի հետ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 14-ին կազմակերպված  մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին ասել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

«Մենք այս պահի դրությամբ բացառում ենք կոալիցիան որևէ քաղաքական ուժի հետ»,- հայտարարել է Բաբայանը։

Կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ հիշեցրել է, որ քարոզարշավի շրջանակում եղել են Երևանի Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջաններում և նախատեսում են այցելել  նաև մարզեր։

Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում քաղաքացիների հիմնական հարցադրումները վերաբերում են անվտանգությանը։ Իրենց կուսակցության կարգախոսը ևս անդրադառնում է անվտանգությանն ու զարգացմանը։ Մյուս հարցը, որի շուրջ քաղաքացիները հարցեր են բարձրացնում,  սոցիալական խնդիրներն են։

«ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 65 տարեկանից բարձր մարդկանց անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ։ Դա շատ դրական է, քանի որ կան ոլորտներ, որոնք ապահովում են պետության կայունությունն ու  զարգացումը՝  բանակը, առողջապահությունն ու կրթությունը։ Երբ ունես առողջ քաղաքացի, շահում ես տնտեսապես։ Ամենակարևորը՝ պետք է ունենալ պատրաստված, կրթված, գրագետ երիտասարդություն, որը պետք է կառուցի մեր ապագան»,-ասել է Հարությունյանը։

Ըստ նրա՝ անվճար բուժօգնությունը դրական քայլ է, բայց հանգեցրել է  այլ խնդիրների։ «Բազմիցս լսել եմ, որ ժամը 06։00-ին հերթ են պահում, գալիս են այդ հիվանդանոց, բժիշկները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ Այսինքն՝ էլի խնդիր է առաջացել, որը լուծում է պահանջում, ինչի համար էլ հարկավոր են համապատասխան ռեսուրսներ»,-շեշտեց Վաղարշակ Հարությունյանը՝ նկատելով, որ բժիշկների թիվը քիչ է՝ դիմողների աճող հոսքը սպասարկելու համար, իսկ աշխատանքը շատացել է:

Խոսելով անվտանգության մասին՝ նա բացասական դրսևորում համարեց հասարակության պառակտվածությունը տարբեր ուղղություններով։ Ըստ Հարությունյանի՝ եթե ունես նման հասարակություն, չես կարող ոչ ներքին հարց լուծել,  ոչ էլ արտաքին։

 

  • Կիսվել: