ՌԴ-ն պատրաստ է օգնություն տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսաստանյան կողմի վճռականությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ, ըստ դեսպանի, հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում Մոսկվան առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
Ելույթ ունենալով ՌԴ դիվանագետի օրվա առիթով կազմակերպված ընդունելությանը՝ Կոպիրկինն ասել է. «Ռուսաստանը լի է վճռականությամբ անհրաժեշտ ողջ օգնությունը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի զարգացման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման և հաղորդակցման ուղիների բացման հարցերում»:
Նրա խոսքով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի այն համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։ Կոպիրկինը նշել է, որ այս տրամադրվածությունը հաստատել են հունվարի 21-ին Մոսկվայում կայացած՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։
Բացի դրանից՝ նա նաև հավելել է, որ ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, իսկ Ռուսաստանն ամուր պահպանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկերոջ իր տեղը։
«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչը մնում են մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում և միջանձնային շփումները, որոնցում մեծ դեր են խաղում հայրենակցական կազմակերպությունները»,-եզրափակել է դեսպանը: