երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ին հավաստիացրել ենք, որ հետազոտությունները զուտ գիտական են. ԱԳՆ ներկայացուցիչը՝ կենսաբանական լաբորատորիաների մասին

ՌԴ-ին հավաստիացրել ենք, որ հետազոտությունները զուտ գիտական են. ԱԳՆ ներկայացուցիչը՝ կենսաբանական լաբորատորիաների մասին

Հայաստանի և Ռուսաստանի միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի մասին է, այլ անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի:

Այս մասին Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Երևանի ու Մոսկվայի միջև կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի ստորագրումը հետաձգվել է:

Նա նշել է նաև, որ նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում: 

Ինչ վերաբերում է հուշագրի նախագծին, ապա այն, ըստ Եդիգարյանի, ներկայում գտնվում է երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում: 

ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետն անդրադարձել է նաև հուշագրի պատրաստման գործընթացին՝ նշելով, որ դրա նախագծի տեքստի շուրջ աշխատանքներն ընթանում էին դեռ 2017 թվականի-ից:  «Այդ ընթացքում կողմերը միմյանց էին ներկայացնում նախագծի դրույթների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հուշագրի նախագիծն ամբողջությամբ համաձայնեցվեց հոկտեմբերին կայացած հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում, որին ՀՀ միջգերատեսչական թիմը ղեկավարում էի ես: Եվ, ինչպես նշեցի, ներկայում նախագիծը երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում է»,-ասել է նա

Արմեն Եդիգարյանը, խոսելով այն մասին, որ կենսաբանական լաբորատորիաները վերազինվել են ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներով, նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից:

Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է,-վստահեցրել է նա:

Գաղտնիք չէ, որ Մոսկվան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ մտահոգություններ ունի: Այս առնչությամբ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում իրենք քննարկել են այդ խնդիրը և հավաստիացրել ռուսական կողմին, որ իրականացվող հետազոտությունները զուտ գիտական բնույթի են և հետապնդում են առողջապահական և անասնաբուժական ոլորտներում ՀՀ բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակներ:

Եդիգարյանը նշել է. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվեց ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ՝ ռուսական կողմի մտահոգությունները փարատելու նպատակով»: 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ բազմիցս հայտարարվել էր, որ Երևանի ու Մոսկվայի միջև ստորագրվելիք հուշագրով երաշխավորվելու է ռուս փորձագետների մուտքը Հայաստանում գործող լաբորատորիաներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:

ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետը մեկնաբանել է այս հարցը՝ ասելով, որ հուշագիրը կարգավորում է կենսաբանական անվտանգության ապահովման ասպարեզում երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը: «Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»,-նշել է նա: 

Եդիգարյանը միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 8-ի N 1320 որոշմամբ ստեղծվել է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԽ ղեկավարությամբ:

Նրա խոսքով՝ նշված խմբի անդամ հանդիսացող գերատեսչություններն այսօր մշակում են Կենսանվտանգության և կենսաապահովման մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի միջոցով կարգավորվելու է նշված ոլորտում գործող կազմակերպությունների, այդ թվում լաբորատորիաների գործունեությունը։ Կսահմանափակվի նաև նշված հաստատություններ մուտքի իրավունքը: 

«Մենք լիահույս ենք, որ մեր ռազմավարական գործընկերների մտահոգությունները կփարատվեն»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե, քանի որ կողմերը հասել են համաձայնության կենսաբանական լաբորատորիաների շուրջ, նախատեսվում է հուշագրի ստորագրում, և կարելի՞ է արդյոք հարցը փակված համարել, իսկ մտահոգությունները՝ փարատված:

«Մեր կողմից մենք իրականացրինք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն ապահովելու ուղղությամբ,-վստահեցրել է Արմեն Եդիգարյանը և հավելել. «Ինչպես Ռուսաստանը կարող է հետաքրքրվել Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերի մասին, այնպես էլ Հայաստանը՝ Ռուսաստանի և երրորդ երկրների միջև իրականացվող և մեզ համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության մասին»:

 

  • Կիսվել: