ՌԴ-ից ակնկալում ենք գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները․ Աղաջանյան
Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված չեն և գործնականում աշխատանքները շարունակվում են:
«Առնվազն սպառված չի ՌԴ խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Եվ, կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորվածությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում` ՌԴ խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, Աղաջանյանն ասաց, որ , առնվազն սոցիալական ցանցերին հետևելով, տպավորություն ունի, որ հանրության բավականին լայն շերտերի մոտ որոշ կասկածներ կան այդ գործընթացների հետ կապված:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի կարծում, որ ՌԴ գործընկերների հետ այս համատեքստում հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված են և գործնականում աշխատանքները շարունակվում են:
«Ուզում եմ արձանագրել, որ պաշտպանության ոլորտի գերատեսչությունների ղեկավարները միմյանց հետ մշտական կապի մեջ են: Դուք տեղյակ եք, որ երեկ ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն են կապի մեջ եղել: Այսինքն` գործնականում աշխատանքները ընթանում են և շարունակվում են, բայց ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ակնկալում եմ քաղաքական արդյունք և կոնկրետ գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը գործնականում, որով այսուհետ կբացառվեն վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում նմանատիպ սադրանքները»,- եզրափակեց Աղաջանյանը: