չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Հ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝  նպատակը խուճապ չառաջացնելն է, որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ նման տեղեկությունների տարածումն ու դրա կանխարգելումն է։

«Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բարձր է, եւ դրանք իրենց նպատակներին չեն հասել, բայց միաժամանակ չենք կարող թողել այդ իրավիճակն ինքնահոսի։ Մենք ռազմական դրության առաջին իսկ օրվանից քննարկել ենք նման կարգավորումներ ունենալ, մեր քաղաքականությունը եղել է հետեւյալը, որ վստահենք մեր գործընկերներին, նման տեղեկություններ չեն տարածվի, կօգտվեն միայն պաշտոնական լրահոսից, բայց ինչպես նկատեցիք ընթացքում եղան կոպիտ դեպքեր, երբ այդ  կանոնակարգերին չհետեւեցին»,- ասաց նա։

Ավելի վաղ նախարարը օրենքի նախագծի ներկայացման ժամանակ նշեց, թե օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: Սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ:

Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը կրկին կատարելու համար:

Նախագծում ներկայացված են համապատասխան տույժերի չափերը.

Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 «կողմ» ձայներով:

  • Կիսվել: