չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանը ևս բռնեց անմահության ճանապարհը. Հերացու անվան բժշկական համալսարան

Ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանը ևս բռնեց անմահության ճանապարհը. Հերացու անվան բժշկական համալսարան

Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով  անմահության ճանապարհը բռնեց ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանը։ Այս մասին հայտնում են Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանից։ 

«Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար պայքարի առաջնագծում են: Զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերներն ամեն օր կատարում են անգնահատելի աշխատանք:

Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը:
 

Ռազմական բժիշկը ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ:

Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։

 

Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»:

Ռազմաբժշկական ֆակուլտետի լավագույն ուսանողներից Գարիկ Մանուկյանը, չնայած ունեցած ձեռքբերումներին, շատ նպատակներ ու երազանքներ ուներ:

Ազգի արժանի հերոս բժիշկը հավերժ կմնա գործընկերների հիշողության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: