շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՔՊ-ում կուսակցության վարչության որոշում կա․ բոլորը պետք է մասնակցեն քարոզարշավին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ում կուսակցության վարչության որոշում կա․ բոլորը պետք է մասնակցեն քարոզարշավին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երեւանի վարչական շրջաններով եւ խոստումներ կտան երեւանցիներին։

Քարոզարշավին թերեւս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երեւանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին եւ ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ոչ միայն ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ամեն քայլափոխի շրջել Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ մարդաքանակ ապահովել նախընտրական քարոզարշավների ժամանակ, որպեսզի համոզեն, որ իրենք Երեւանում իսկապես մեծ ընտրազանգված ունեն:

Այլ կերպ ասած, ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով՝ տպավորություն ստեղծելով, թե քարոզարշավը մարդաշատ է:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն արդեն նման հրահանգ ստացել է, եւ ինչ քայլեր է անում քաղաքական իշխանության պահանջները բավարարելու համար:

«Այդպիսի հրահանգ չկա, բայց կա կուսակցության վարչության որոշում՝ քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու համար։ Կուսակցական ես, պատգամավոր ես, թե այլ պաշտոնյա, կապ չունի, պետք է մասնակցես քարոզարշավին, բայց հրահանգ չկա մարդիկ բերելու: Արհեստականության էլեմենտը մեզ մոտ հավասար է զրոյի»-ասաց նա:

Այսպիսով, ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին, ինչպես մերժված նախկինում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: