շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ում խառն են Վահան Քերոբյանի հարցով. «Հրապարակ»

ՔՊ-ում խառն են Վահան Քերոբյանի հարցով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Իշխող թիմի պատգամավորներին անակնկալի են բերել էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ իրավապահների գործողությունները։ Ի սկզբանե ֆրակցիայում քննարկել են նախարարության գործունեության հետ կապված վարույթները եւ հասկացել, որ դրանք անհիմն են, ու քաղաքական նկատառումներով են ընկել Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի հետեւից, մյուսներն էլ ձեռքի հետ են տուժել։ Թվում էր, թե քաղաքական ինտրիգները հարթվել են` Սիմոնյանի եղբոր կինն ազատ է արձակվել, բայց անսպասելի հրաժարական պարտադրվեց Վահան Քերոբյանին, եւ մեկ օր չանցած՝ նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ երեկ արդեն երկամսյա տնային կալանքի ռեժիմ սահմանվեց։

ՔՊ-ի ներսում Քերոբյանի հետ կատարվածից հետո հավանական վարկածներ են քննարկում, որ իրավապահ մարմինները` Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, որոշել են, այդուհանդերձ, մեկին քավության նոխազ դարձնել, որ հանրությանը կարողանան հավատացնել, թե իրականում կար նման գործ` հանցանք, եւ իշխանությունը ոչ թե քաղաքական հարցեր է լուծում` թիմակիցներին նվաստացնելով, այլ պայքարում է կոռուպցիայի դեմ։

Ի դեպ, ՔՊ-ում արդեն քննարկում են Քերոբյանին փոխարինողների հարցը եւ կարծում են, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ով այս թիմի ամենահավասարակշռված եւ գրագետ անդամներից է համարվում, թեեւ Մհեր Գրիգորյանի հետ լուրջ հակասություններ ունի, եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փոխվարչապետի հետ ունեցած հակասությունները կարող են խանգարել։
ԱԺ նույն հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանին հարցրինք` աշխատանքի բերումով ինքն այն իշխանականներից է, որ ավելի շատ է շփվել Քերոբյանի հետ, ի՞նչ տպավորություն ունի՝ կարո՞ղ էր Քերոբյանը կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինել կամ հովանավորչությամբ զբաղվել: Նշենք, որ Քերոբյանը պարտաճանաչ աշակերտի պես միշտ անձամբ էր սույն հանձնաժողովում զեկուցում իր ղեկավարած ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերը։ «Գիտեք իմ գործառույթը` որպես ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ, պարոն Քերոբյանի հետ միշտ հանդիպել ենք նիստերի ժամանակ, հարցերի քննարկման ժամանակ, ամեն ինչ դրական, ամեն ինչ  լավ․․․ եւ Ձեր տված հարցերին չեմ էլ ուզում անդրադառնալ, ես նման բաներ ո՛չ նկատել եմ, ո՛չ էլ գիտեմ անգամ, թե ինչի մասին է»,- նշեց Հայկ Ցիրունյանը։ Այսինքն, չե՞ք ուզում հավատալ, որ Ձեր կուսակիցը հայտնվել է կոռուպցիոն սկանդալում` մանավանդ, որ ձեր իշխանությունը պատասխանատու կերպով հայտարարում է, թե համակարգային կոռուպցիա չկա։

«Ձեր հարցը հակասում է․․․ ամեն ինչին է հակասում` մեր իշխանությունը միշտ էլ կոռուպցիայի դեմ պայքարել է ու պայքարելու է, ինչ վերաբերում է կուսակից ընկերների հետ կատարվող ինչ-որ իրադարձություններին, թող օրինապահ մարմինները պարզեն: Մարդը մեղավոր չի, քանի դեռ չկա դատարանի որոշում, այսպես է օրենքն ընդհանրապես, իսկ մնացածը ենթադրություններ են, եւ մտային տարբեր ուղղություններով անհավանական մտքերի արդյունք կարող է դուրս  գալ, քանի դեռ չի եղել դատարանի որոշում, ճիշտ չի, որ ինչ-որ մեկը խորանա»։ Խնդրեցինք պարզ, հասկանալի լեզվով ասել՝ ինքը չի՞ հավատում այս պատմությանը։ «Հարցը հավատի մեջ  չի, ես ասում եմ՝ պարոն Քերոբյանի հետ շփվել եմ եւ շատ-շատ դրական հարաբերություններ եմ ունեցել, մնացածը` թե մարդն ինչ կլինի, որտեղ կլինի, չեմ կարող ասել, չեմ էլ ուզում ընդհանրապես մտածել նման հարցի շուրջ, ինչի՞ համար մտածեմ»։

Նկատեցինք․ մտածելն առհասարակ չէր խանգարի` այն առումով, որ եթե մարդը լավ նախարար էր, բայց մի օրում դարձավ «կոռուպցիոներ», սա ինչ-որ առումով նաեւ բոլոր ՔՊ-ականներին ուղղված ուղերձ է, չէ՞, որ դուք էլ եք մեկ մարդուց կախված։ «Դե, իմ ասածը նույն դաշտից է, ֆանտազիաների գիրկն ընկնել ու անհավանական ելքեր հորինել, հարցեր տալ։ Թողենք դատարանի որոշումը լինի, կարող է չլինի, բայց սպասենք»: Մենք մեջբերեցինք Քերոբյանի խոսքերը` ուղղված թիմին, կառավարությանը, որ ասել էր իրեն առաջադրված մեղադրանքից հետո. «Ճշմարտությունը նրանց դուր չէր գալիս»: Հարցրինք՝ ինչո՞ւ է նման հայտարարություն արել։ «Ես չեմ լսել ու, ընդհանրապես, շատ բաներ լսեցի, որ իրականությանը չեն համապատասխանում, խնդրում եմ՝ ես արդեն գնամ, հա՞»։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ ասում է` ինքը դատավոր չէ, որ հավատա կամ չհավատա՝ Քերոբյանը մեղավոր է, թե չէ։ «Եթե պարզվի, որ  այդպես է, կնշանակի՝ խոշոր համակարգային կոռուպցիայի հետ գործ ունենք»,- ասում է նա՝  ընդգծելով նաեւ, որ Քերոբյանի հետ աշխատանքի պրոցեսում միայն լավ տպավորություն է ստացել։ «Իսկ կոռուպցիան այնպիսի բան է, որ որեւէ մեկի հետ շփումից չես կարող զգալ... կարող է պատահի՝ դու մեջը չլինես, քո աշխատակիցները լինեն, բայց դրանով հանդերձ  կստացվի, որ դու  պատասխանատվություն ես կրում»,- ասում է Աղազարյանը՝ հստակեցնելով, որ ինքն ավելի շատ հակված է կարծել, որ Քերոբյանն ուղղակիորեն ներգրավված չէ կոռուպցիոն սխեմայում, բայց պատասխանատու է իբրեւ ոլորտի ղեկավար: «Իր մարդկային հատկանիշները հաշվի առնելով, ավելի շատ հակված եմ կարծելու, որ ինքը թերացել է իր պարտականությունները կատարելու մեջ կամ վստահել է, չի կարեւորել»: Իսկ ինչո՞ւ են նման անուշադիր մարդուն հանդուրժել նախարարի պաշտոնում` շուրջ 3 տարի։ «Ինքը՝ որպես նախարար, շատ լավ է իրեն դրսեւորել արդյունքների իմաստով, եւ մենք լուրջ հաջողություններ ունենք, իհարկե, միայն իրենով չի պայմանավորված, բայց նաեւ իրենով է պայմանավորված»:

 

  • Կիսվել: