կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՔՊ-ն անցել է իր միակ զենքին՝ սադրանքին, գյադայությանը, խուժանությանը, իրենց հարազատ ոճն է սա. Լեւոն Զուրաբյան

ՔՊ-ն անցել է իր միակ զենքին՝ սադրանքին, գյադայությանը, խուժանությանը, իրենց հարազատ ոճն է սա. Լեւոն Զուրաբյան

Իշխանությունը, օգտագործելով իր ուժային լծակները, ապօրինաբար, ջարդել են դռները եւ կազմակերպել այդ ապօրինի նիստը: Այս մասին այսօր Ալավերդու համայնքապետարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։  

«Օրենքը պահանջում է, որ եթե ժամը 10-ին ավագանու նիստը սկսում ես, պետք է կես ժամ սպասես համայնքապետի ներկայությանը: Նրանք պետք է սպասեին կես ժամ, արձանագրեին, որ համայնքապետը չի ներկայացել, որից հետո եւս կես ժամ պետք է սպասեին համայնքապետի տեղակալին, արձանագրեին, որ նա նույնպես չի ներկայացել, եւ միայն դրանից հետո տարիքով ավագը պետք է վարեր նիստը: 

Իսկ իրենք, քանի որ սովորական գողեր են, իշխանագողեր, հենց որ ուժային կառույցների ապօրինի աջակցությամբ հավաքվել են այդ սենյակում, անմիջապես անցել են երրորդ քայլին, ընտրել են տարիքով ամենաավագին, որը վարել է նիստը եւ կատարել է ապօրինի այդ գործողությունները:

Բնականաբար, համայնքապետը տեսնելով, որ կատարվում է ապօրինություն, ժամը 10.25 մեր բոլորի ուղեկցությամբ մտել է նիստերի դահլիճ՝ բացատրելու համար, որ այն, ինչ իրենք անում են օրենքի խախտում է»,-ասաց Զուրաբյանը: 

Նրա խոսքով, երբ այս ամենը արձանագրվեց, ՔՊ-ն անցավ այն միակ զենքին, որին իրենք տիրապետում են կատարելությամբ. «Դա սադրանքն է, գյադայությունը, խուժանությունը: Իրենք անցան իրենց հարազատ ոճին: Այդ մարդիկ սկսեցին վիրավորանքներ տեղալ համայնքապետի եւ մնացածների նկատմամբ, սկսեցին քաշքշել: Իրենց պահում էին սովորական գողի նման, երբ գողության պահին մենք ձեռքը բռնել ենք»:

Նշենք, որ Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

 

  • Կիսվել: