հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է մերժել Տեր-Պետրոսյանի առաջարկը

Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է մերժել Տեր-Պետրոսյանի առաջարկը

Այսօր վանաձորցիների եւ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեք նախկին նախագահներով դաշինք կազմելու եւ միասին ընտրությունների գնալու առաջարկը մերժելուն:

՛՛Այո, եղել է նման առաջարկ եւ ես դա մերժել եմ եւ հրապարակային եմ դրա մասին հայտարարել՛՛,-ասաց նա:

Քոչարյանը հավելեց. ՛՛Մենք ոչ միայն պետք է մտածենք, թե ինչպես պետք է հեռացնենք այս իշխանությանը, որովհետեւ այդ առաջարկի իմաստը դա էր՝ բոլորս միանանք, ինքներս չմասնակցենք, որ հեռացնենք այս իշխանությանը: Դա հարցի մեկ մասն է: Իսկ հարցի երկրորդ, ոչ պակաս կարեւոր մասը հետեւյալն է՝ հետո ինչպե՞ս ենք աշխատելու: Եթե ընտրությունների նպատակը ընդամենը մեկին հեռացնելն է, ես չեմ կարծում, որ դա քաղաքականապես ճիշտ նպատակ է:

Ես պատրաստ չեմ միայն այդ նպատակի համար պայքարի մեջ մտնել: Ինձ համար ակնհայտ էր, որ ընտրություններով իշխանություններին հեռացնելուց հետո այդ ֆորմատը չէր կարող աշխատել՝ գաղափարական անհաղթահարելի տարբերությունների պատճառով:

՛՛Հայաստան՛՛ դաշինքը, որը այսօր ձեւավորվել է, մենք գաղափարապես իրար մոտ ենք, մենք ի վիճակի ենք միասին արդյունավետ աշխատել: Բայց հետո ինքը (Տեր-Պետրոսյանը-խմբ.) ավելի ուշ խոստովանեց, որ այդ առաջարկը տվել է ոչ միայն նրա համար, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարին հեռացնենք, այլ նաեւ իմ ճանապարհը փակելու համար: Կարծում եմ՝ այստեղ բավական անկեղծ էր առաջին նախագահի հայտարարությունը:

Միգուցե իր համար անընդունելի է այն, ինչ այսօր կատարվում է, բայց նաեւ դժվար ընկալելի է իմ հնարավոր վերադարձը: Այսինքն ես այդ առաջարկի մեջ նաեւ անկեղծությունը չեմ տեսել, եթե ավելի ճիշտ ասեմ: Ես հենց այդ պահին տեսել եմ որոշակի քաղաքական հնարքի դրսեւորում, ինչը եւս հասկանում եմ: Քաղաքականության մեջ դա նորմալ երեւույթ է, ես չեմ տրվել այդ հնարքի կիրառման հնարավորությանը՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով առաջարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններին իր հետ միասին մասնակցել միասնական դաշինքով։

  • Կիսվել: