ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը պատրաստ է

Քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը պատրաստ է

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ շատ քիչ մարդիկ են եղել, որոնք հրաժարվել են ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, սակայն ապագայում նման դեպքերը բացառելու համար հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Քոչարյանը ասաց, որ նախատեսում են խստացնել և պատասխանատվության ենթարկել  ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու կամ տեղեկություն չհայտնելու համար։

«Ընդդիմությունը առանձին զրույցներում դրական է տրամադրված եղել, երբ մենք որոշել էինք ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և խստացնել քննիչ հանձաժողովին չներկայանալը։ Ասեմ, որ շատ քիչ մարդիկ են եղել, որոնք, չգիտես ինչու, մերժել են և չեն ներկայացել, բայց համոզված եմ, որ գալու են՝ լինի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, թե զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Եթե չգան, նշանակում է, որ իրենք խուսափում են մի բանից, որ չօգտվել այս հնարավորությունից պարզապես անհնար է պատկերացրել»,- ընդգծեց Քոչարյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝  «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը պատրաստ է և շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

 

«Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կներկայացնի այդ նախաձեռնությունը և ապագայի համար այս գործիքը պետք է գալու»,- եզրափակեց Քոչարյանը։ 

  • Կիսվել: