հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արցախի անկախության ճանաչման մասին

Քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արցախի անկախության ճանաչման մասին

Մեր պահանջը և հորդորը մեր գործընկերներին այն է, որ խաղաղապահ ուժերն ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը և ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Արցախում ռուս խաղաղապահների թվակազմի ավելացման առաջարկի առնչությամբ:

«Արցախի իշխանությունները լինելով տեղում և ուղիղ կապի մեջ լինելով խաղաղապահ ուժերի հետ՝ իրենց պատկերացումներն ունեն խնդրի լուծման մասին, այն է՝ թվաքանակի և որոշակի գործառույթների ավելացում: Թե ինչ զարգացում կլինի՝ պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը»:

Հարցին, թե արդյո՞ք խաղաղապահների գործողություներում թերացումներ տեսնում են՝ Հովհաննիսյանն ասաց, որ արձանագրում են, որ Ադրբեջանի գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքում և ըստ այդմ՝ ակնկալում են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ նա նշեց, որ դրանք մեկ նպատակ են հետապնդում՝ վախի մթնոլորտ ստեղծել, հոգեբանական ճնշում գործադրել և շարունակել էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականությունը.

«Մենք ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել ստեղծված իրավիճակը»:    

Հարցին, թե հնարավոր համարում են, որ ՀՀ տարածքում նման սադրանքների լինեն՝ օրինակ Զանգեզուրի միջանցք ստանալու ակնկալիքով՝ Հովհաննիսյանն ասաց, որ միջանցքի հետ կապված դիսկուրսը արդեն տևական ժամանակ է դուրս եկել օրակարգից, այդ թվում՝ ադրբեջանական խոսույթից:

«Մենք ասել ենք, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող և ես կարծում եմ, որ մենք պետք է չվերադառնանք այս հարցին: Թե ինչ սադրանքների կարող է դիմել Ադրբեջանը՝ մենք տարիներ շարունակ դա տեսել ենք, իսկ աշխարհաքաղաքական այս իրավիճակում փորձ է արվում օգտվել իրավիճակից: Մենք պետք է աշխատենք մեր բոլոր գործընկերների հետ և թույլ չտանք, որ խոսակցությունը փակվի, որովհետև, երբ չկա խոսակցություն՝ սկսվում են կրակոցները»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը՝ Հովհաննիսյանն ասաց, որ ՔՊ բոլոր նիստերում քննարկվում են առաջին հերթին Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներն ու հարցերը: «Որոշումները կայացվում են առաջին հերթին ելնելով չվնասելու սկզբունքից և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից: Հարցը՝ քննարկվում է արդյոք Արցախի ճանացման հարցը մանիպուլյատիվ է, քանի որ եթե ասեմ այո՝ կստացվի, որ նման հարց կա մեր օրակագում, եթե ասեմ ոչ՝ կստացվի, որ այդ հարցը մեզ համար օրակարգից դուրս է: Քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները՝ կախված ներկա աշխարհաքաղաքական և ռազմական իրավիճակից»:

  • Կիսվել: