ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննարկվել են կրթության, մշակութային ժառանգության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են կրթության, մշակութային ժառանգության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները:

Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են այդ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:

«Մշակույթ և պատմամշակութային ժառանգություն» խորագրով նիստի հիմնական բանախոսներն են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վենսան Բլանշարը, դերասան Սերժ Ավետիքյանը:

Բանախոսները քննարկել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, որոնց թվում՝ մշակութային ժառանգության պահպանման, վերականգնողների վերապատրաստման, կինոկրթության, կինոժառանգության և համատեղ ֆիլմարտադրության հեռանկարները: «Կրթություն, երիտասարդություն և սպորտ» վերտառությամբ առանձին նիստի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «ՖԻՖԱ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆի, «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրի և Ժան Մուլեն Լիոն III համալսարանի պրոռեկտոր Մանուել Ժոբերի հետ ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության տարբեր մակարդակներում (հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն), ինչպես նաև սպորտի ասպարեզում հայ-ֆրանսիական առկա ծրագրերը, քննարկել այդ ծրագրերի զարգացման հնարավորությունները, ուրվագծել նոր ծրագրեր:

  • Կիսվել: