հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ֆրանսիայում հետաձգել են կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիայում հետաձգել են կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումը կասեցնելու մասին, ըստ որի՝ կենսաթոշակային տարիքը 62-ից պետք է բարձրացվեր մինչև 64:

Ինչպես հայտնի է՝ այն երկրում սուր քննադատության էր արժանացել, ուստի և նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի անդամների առջև ելույթ ունենալիս Լըկորնյուն առաջարկել է հետաձգել բարեփոխումները մինչև 2028 թվականի հունվար, այսինքն՝ մինչև նախագահի հաջորդ ընտրությունը։

Reuters-ը հայտնել է, որ վարչապետը նշել է, թե կենսաթոշակային բարեփոխումների սառեցումը բյուջեին կարժենա «400 միլիոն եվրո 2026 թվականին և 1,8 միլիարդ եվրո՝ 2027 թվականին»։

«Այս կասեցումը, վերջին հաշվով, օգուտ կբերի 3,5 միլիոն ֆրանսիացու։ Հետևաբար, այն պետք է փոխհատուցվի ֆինանսապես, այդ թվում՝ խնայողության միջոցառումների միջոցով»,-ասել է նա՝ առաջարկելով շարունակել երկրում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ քննարկումները։

Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է նաև, որ մտադիր է հրաժարվել նաև Սահմանադրության 49.3-րդ հոդվածի կիրառումից, որը թույլ է տալիս օրինագծերն ընդունել առանց խորհրդարանում քննարկման ու քվեարկության, հաղորդում է RFI ռադիոընկերությունը:

Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ դրան հասնելու համար կառավարությունը պետք է ստանա վստահության քվե և կոչ է արել խորհրդարանի անդամներին «ընդհանուր ուղի գտնել՝ չնայած տարաձայնություններին»։

  • Կիսվել: