հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել են ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննարկվել են ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ս.թ. օգոստոսի 23-25-ը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Իրաքում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխնախագահ Մուստաֆա Սայիդ Քադերի, փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, Ազգային ժողովի նախագահ Ռեվազ Ֆաիքի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սաֆին Դիզայիի, ինչպես նաև Էրբիլի, Դհոկի, Զախոյի և Մոսուլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ դեսպան Հր. Փոլադյանի ներդրած ջանքերը և հաջողություններ մաղթեցին հետագա դիվանագիտական առաքելության իրականացման մեջ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները շեշտեցին ս.թ. փետրվարին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը, որը կարևոր ազդակ է երկու ժողովուրդների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման համար:

Կարևորվեց նաև Էրբիլի հնամենի միջնաբերդում Հայկական մշակութային կենտրոնի բացումը:
Դեսպան Հ. Փոլադյանը շնորհակալություն հայտնեց ԻՔ իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքի համար:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին:

Դհոկ կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը այցելեց նաև եզդի ժողովրդի սրբատեղի Լալեշ, որտեղ հանդիպում ունեցավ աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Բաբա Շեյխի, եզդիական համայնքի ղեկավար Միր Միրայի հետ: ՀՀ դեսպանին շնորհակալություն հայտնեցին հայ և եզդի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած անձնական ջանքերի համար և հաջողություններ մաղթեցին հետագա գործունեության մեջ:

  • Կիսվել: