չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին, այլ նաև ողջ բնակչությանը զենք տրամադրելու հարցը. ԲՀԿ պատգամավոր

Քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին, այլ նաև ողջ բնակչությանը զենք տրամադրելու հարցը. ԲՀԿ պատգամավոր

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն առաջարկեցին հարցի քվեարկությունը հետաձգել երկու ամսով, քանի որ կա մեծ փաթեթ, որը ավելի համապարփակ կարգավորումներ ունի, բացի այդ վիճակագրական, վերլուծական տվյալներ են պետք:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց ներկայացված նախագիծը՝ հաշվի առնելով պատմական իրողությունները:

«Սահմանամերձ գյուղերին զենքի հետ կապված նման կարգավորումներն անհրաժեշտ են, բայց դա պետք է լինի տրամաբանված, մտածված՝ սկսած զենքի պահպանությունից, վերջացրած օգտագործումից։ Գյուղացին պետք է աշխատի և իր տանն ունենա միջոց, որով անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իր տունը»,-ասաց նա՝  ներկայացնելով նախագծի բովանդակությունը:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս օրենքի կարևորությունը բոլորը գիտակցում են, նաև գիտակցում են բազմաթիվ ռիսկերը: «Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին տրամադրել զենք, այլ նաև ողջ բնակչությանը, բայց դրանք կարծիքներ են, որոնք քննարկման ենթակա են, հետևաբար մենք չենք շտապելու: Հայտնի է ճշմարտությունը, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի համայնք պետք է վերածվի հզոր մի ջոկատի, որը պատրաստ է ցանկացած մարտական գործողության:

 

  • Կիսվել: