երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քայլեր ձեռնարկեք Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ. Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդը՝ Բայդենին

Քայլեր ձեռնարկեք Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ. Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդը՝ Բայդենին

Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհուրդն անցած շաբաթ միաձայն ընդունել է վերահսկիչ Քեթրին Բարգերի հայանպաստ միջնորդությունը, որն աջակցել է վերահսկիչ Հոլլի Միտչելը։

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ նամակ-միջնորդությունը, որը ստորագրված է Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի բոլոր անդամների կողմից, կոչ է անում ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին՝ հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ պատանդների ապօրինի կալանավորման հարցը լուծելու ուղղությամբ:

Միջնորդությունը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ համաձայն «Մագնիտսկու Մարդու իրավունքների պատասխանատվության գլոբալ ակտի», այն է՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների և պատանդների ապօրինի կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանության համար, ինչպես նաև դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի հատկացվող ռազմական և տնտեսական ամբողջ օգնությունը։

Ի հավելումն, միջնորդությունը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը՝ գործուն քայլեր ձեռնարկել 861-րդ բանաձեւի ընդունման հարցում (բանաձևը ներկայացված է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից եւ վայելում է կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Գուս Բիլիրակիսի աջակցությունը), որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան ափի աշխատակազմը և հայկական համայնքային այլ կազմակերպությունների անդամներ ներկա են եղել լսումներին՝ ի պաշտպանություն միջնորդության ընդունմանը։

Միջնորդությունը ներկայացվել է Ադրբեջանում անօրինական կերպով կալանքի տակ պահվող հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և նրանց պահման պայմանների վերաբերյալ օրեցօր աճող մտահոգությունների լույսի ներքո։

Ադրբեջանի իշխանությունները համեմատաբար վերջերս ձերբակալել և կալանավորել են Արցախի նախկին նախագահներից երեքին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայինին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։

ԱՄՆ Հայ դատի Արևմտյան ափի հանձնախումբը 2022 թվականին Բաբայանին շնորհել է «Ազատության» մրցանակ, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սկզբնական օրերին Վարդանյանի հետ քննարկում էկազմակերպել:

Ադրբեջանն ապօրինի կերպով ձերբակալել է նաև քաղաքացիական անձանց, որոնց թվում է  68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից շտապ բուժօգնության նպատակով Հայաստան տեղափոխվելու ժամանակ։

«Սա պատասխանատվության մասին է, - ասել է նախաձեռնության հեղինակ Բարգերը: -Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք՝ մարդասիրական իրավունքի ոտնահարման համար։ Որպես մի երկրի ղեկավարներ, որը մեծ թվով հայերի տունն է բուն Հայաստանից դուրս, մենք պետք է անենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է և օգտագործենք մեր ձայնը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և կոչ անենք վերադարձնել բոլոր հայ պատանդներին և ռազմագերիներին։ Մենք բարոյական պարտավորություն ունենք դա անելու։ Ես հպարտ եմ հայ համայնքի կողքին կանգնելու և համերաշխություն հայտնելու համար»։

«Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի միջև հակամարտությունն ազդում է Լոս Անջելեսի վարչաշրջանի հայ համայնքի վրա, - նկատել է վերահսկիչ Միտչելը։ Հավելել է՝ մենք պետք է հստակորեն ասենք, որ մարդկության դեմ այս հանցագործությունները չեն հանդուրժվելու մեր կառավարության կողմից- «Մենք աջակցում ենք Բայդենի վարչակազմին՝ բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ կերպով վերադարձնելու համար Ադրբեջանի կառավարությանն ուղղված հորդորի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեւական խաղաղության լուծման ուղղությամբ աշխատելու հարցերում»:

Հայ դատի Արևմտյան ափի հանձնախումբը  կոչ է արել հայ համայնքին քայլեր ձեռնարկել՝ հորդորելու ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որպեսզի վերջիններս հրատապ և շոշափելի գործողություններ ձեռնարկեն՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հայ պատանդների անօրինական կալանավորումը և պատասխանատվություն պահանջեն Ադրբեջանի՝ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար:

  • Կիսվել: