երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քարոզարշավ օր 4. քաղաքական ուժերը շարունակում են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել

Քարոզարշավ օր 4. քաղաքական ուժերը շարունակում են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել

Քայլերթներ, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք, սակայն «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունը  հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը նույնպես հանդիպումները կանցկացնեն երկու խմբով։ Առաջին խումբը 14։00-ից կլինի Տավուշի մարզում՝ Այրում, Հաղթանակ, Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Կոթի, Աչաջուր, Իջևան և Դիլիջան համայնքներում։ Կուսակցության երկրորդ խումբը ժամը 11։00-ից հանդիպումներ կունենա Երևանի Արաբկիր համայնքում՝ Պրահայի այգում, Երազ բիզնես թաղամասում և Մերգելյանի այգում։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արմավիրի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները ժամը 10:00-ից լինելու են Էջմիածին ու Արմավիր քաղաքներում: Վերադառնալու են Երևան ժամը 15:00-ի սահմաններում ու կիրականացնեն իրազեկման ակցիաներ:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 10-ին՝ լինելու է Արարատի մարզում: Արշավը սկսելու են ժամը 13:00-ին՝ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից: Նրանք լինելու են նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու են Լոռու մարզում: Ժամը 18:30-ին նրանք կլինեն Վանաձորում՝ Հայքի հրապարակում:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Արագածոտնի մարզում: Հանդիպումներ են անցկացնելու  Թալինում, Ծաղկահովտում, Ալագյազում: Վերջին կետը լինելու է Աշտարակ քաղաքը: Նախընտրական կենտրոնական շտաբում տեղի կունենա շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, դաշինքի անդամներ Գեղամ Նազարյանի և Աննա Գրիգորյանի ճեպազրույցը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով։ Ժամը 14։00-ին «Էլիտ պլազա» հյուրանոցում տեղի կունենա կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը։

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Ժամը 12։00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի և հանրային կապերի խորհրդական Վարդան Ոսկանյանի մամուլի ասուլիսը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է Տավուշի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի կունենա Իջևան քաղաքում ժամը 18:00-ին:

«Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ին լինելու է Դավիթաշեն վարչական շրջանում։ Երթուղին սկսելու են Սրբոց Նահատակաց եկեղեցուց։ Շրջելու են ու իրազեկման ակցիա իրականացնեն։ 

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 11։00-ին կներկայացնի իր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական և իրավական դրույթները։

  • Կիսվել: