երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի». Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

«Քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի». Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Չկա նման բան, չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանը որտեղից է նման տեղեկություններ հայթայթում: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի միջև խնդիրներ կան։

Արծվիկ Մինասյանն անդրադաձավ Ալեն Սիմոնյանի մեկ այլ հայտարարության՝ նշելով. «Ես նաև լսեցի վիրավորական արտահայտություն ուղղված Իշխան Սաղաթելյանին։ Ես կարծում եմ՝ քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի»։

Խոսելով հասարակությանը մոբիլիզացնելու մասին՝ նա ասաց, որ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը  հիմա ամեն ինչ պետք է անի միասնական ճակատով հանդես գալու։

«Սա ոչ մեկ, ոչ երկու, ոչ առավել ևս կուսակցական առումով խնդիր է միայն։ Սա համազգային, համաժողովրդական խնդիր է։ Դրա համար մեր մոտեցումն հետևյալն է՝  որևէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել կասեցնելու համար, իսկ կասցեման համար շատ ժամանակ չունենք։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից,  ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա։ Բայց ժամանակ կարող ենք շահել առանց Նիկոլի, Նիկոլի պայմաններում անհնար է ժամանակ շահել:

Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, ապա  իշխանությունը գնալու է դրան։ Հետևաբար, մեր համախմբման նպատակը պետք է սա լինի։ Մենք ողջունում, աջակցում ենք ցանկացված այն ընդդիմադիր շարժմանը, գործողություններին, որոնք միտված են այս միասնական ճակատ ձևավորելուն»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա, առաջիկա շրջանում իրենց պայքարը գոյաբանական պայքար է, բոլոր այն թեզերը, որոնք այս իշխանությունները ներկայացնում են, թե սա իշխանության պայքար է, այդպես չէ. «Գոյաբանական պայքարը ցանկացած իրավիճակում բերելու է նոր իշխանության։ Բերելու է  այն անձանց իշխանության, որոնք հասկանում են, կարևորում են, ունակ են միասնական դիմադրությունն ապահովել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե նոր դիմադրություն են սկսում, ասել էր. «Իշխան Սաղաթելյանի մասով էլ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ՝ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն տենց առաջ են բրդում հնարավորինս մինչև վերջ իրեն սպառելու համար,  ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ  գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում է: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն»:

  • Կիսվել: